Էջ:Vardan Aygektsi, Book of the Fox (Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք).djvu/17

Այս էջը սրբագրված է

քարոզը: Այգեցին դրա փոխարեն գործ ե ածում պարզ զրույցի ձևը, ինչպես կյանք տեսած մի ծերունի կխրատեր վորդուն, և ասում ե. «Յեզը մի լձիր եշի հետ. յեզը վորոճող ե և եշը` վոչ: Այդպես հոգին անջատ ե մարմնից, վորովհետև հոգին իմաստուն ե և մարմինը ցանկասեր»։

Բերենք մի այլ որինակ Վարդանի առակախառն քարոզներից. «Մի մարդ ուներ չորս եշ, յերեքը` յերիտասարդ և ուժով և մեկը` պառավ և վատուժ: Յեվ տերը յերեքին չեր բառնում, այլ խնամում եր և դարմանում, իսկ պառավ եշին ծանր եր բեռնում ե ընկավ պառավ եշը և այլևս չկարողացավ տանել ծանր բեռ: Այսպես մարդս չորս ժամանակ ունի` տղայություն, յերիտասարդություն, կատարյալ հասակ և ծերություն: Այն յերեք հասակն վոր զորավոր են. մարդ չե կամենում բառնալ բեռով, այլ պարարում և գիրացնում ե ուտելով և ըմպելով և ամեն ծանր բեռ բառնում ե ծերացած մարմնի վրա»:

Վարդան Այգեցու այս և այս կարգի առակները բնորոշ են իրենց կատարյալ և ամբողջական արվեստով: Հետագայում առակները փոփոխության են յենթարկվել, մըշակվել են` բերանացի պատմելով, ապա տարբեր գրիչների ձեռքով գրի յեն առնվել, յուրաքանչյուր անգամ կրելով ժամանակի և պատմողի կնիքը։ Այդպես առաջացել են առակների փոփոխակները, վորոնք տարբերվում են և՛ մեկնությամբ, և՛ բովանդակությամբ, և՛ լեզվով:

Վորքան ել կրոնա-բարոյական մեկնությամբ Այգեցին ծանրաբեռնել ե առակը, այնուհանդերձ նրա ստեղծագործությունը «աշխարհիկ» արվեստ ե և վոչ հոգևոր: Նա մեկն ե այն գագաթներից, վորոնց վրայով ե անցնում միջնադարյան հայ քաղաքային մշակույթի սահմանագիծը: