Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/103

Այս էջը հաստատված է

Բայց նա մենակ առավ բրիչն ու բահը, իջավ լեռների խորքերը և որոնեց:

Գյուղացիք հեռու նստած` խորհում էին ու ժպիտը դեմքերին դիտում խենթի արածը:

— Եթե իսկապես հրեշ կա,— ասում էր մեկը,— անպատճառ, իր շնչովն անգամ լինի, վայրկենապես կոչնչացնի այդ խենթին:

— Ծիծաղելի կլինի տեսնել, թե ի՞նչ այլանդակ դեմք պիտ ստանա խենթը` դեմառդեմ գալով վիշապին:

Իսկ խենթը փորում էր, աշխույժով փորում: Նրա բրչի հարվածից դղրդում էր լեռը, թնդում էր գետինը: Եվ ժայռերի խորքում լսվում էր խուլ մռնչյուն, որ, քանի խենթի հարվածներն արագանում էին, այնքա՛ն մեծանում էր:

— Հրե՜շն է…— գունատ և դողդոջուն գոչեցին գյուղացիք, ետ—ետ գնալով:

— Զգո՛ւյշ լինենք,— խրատեց մեկը,— ավելի լավ է հեռու կանգնենք և նախ տեսնենք, թե ինչպե՞ս կվարվի խենթի հետ…

— Մի պատառ կանի նրան,— ասաց երկրորդը:

— Մի վայրկյանում կհոշոտի. չե՞ք լսում, թե ինչպիսի ձայներ են լսվում խորքերից:

Եվ իրավ, մռնչյունը սաստկանում էր, զայրալից դառնում: Հրեշը բարկանում էր, որ համարձակվել էին այդպես խորերը մտնել և իրեն անհանգիստ անելու գալ:

Բայց խենթը պեղում էր: Նրա բրիչը ժայռեր էր դեսուդեն նետում, քարեր գլորում և սուր ծայրով մտնում մինչև հրեշի բնակարանը:

Եվ այդպես, մինչև երեկո, առանց դադար առնելու, փորեց խենթը, պեղեց, բրչի հարվածներ տվավ:

Եվ երբ երեկո էր դարձել ու վերջին կարծր քարն էր ջարդում նա, ականջները գրեթե խլացել էին վիշապի զայրագին աղաղակներից:

Գյուղացիք սարսափած, գունատ և սրտատրոփ` հեռվից նայում էին այդ բոլորին. ոչ ոք սիրտ չարավ մի քայլ անելու, խենթին օգնության ձեռք տալու: Ամեն ոք իր կաշվիցն էր վախենում, ամեն ոք կամենում էր վտանգից հեռու լինել` թեկուզ ծարավ, թշվառ ու կիսամերկ մնալ միշտ:

Եվ երբ բրչի մի ուժգին ու ծանր հարվածի տակ գլորվեց վերջին ժայռը, ահաբեկ գյուղացիների առաջ երևան եկավ հրեշի այլանդակ, սոսկալի գլուխը, որ բերանը դեմ էր տվել բոլոր ջրերին և անկշտում կլանելով ուռում էր, հաստանում:

Իսկ եթե դեռ հոսում էր քիչ ջուր, դա էլ նրա շրթունքների անկյուններից դուրս ելնող թափցուկն էր միայն` հրեշային գարշ լորձունքի հետ խառնված: