Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/104

Այս էջը հաստատված է

Վիշապը երբ տեսավ բրիչը ձեռքին և իր գյխի վերևը կանգնած խենթին, մռնչաց, կովային աչքերը ոլորեց զայրալիր և գոչեց որոտաձայն.

— Հեռո՛ւ, հանդո՛ւգն, թե չէ` կոչնչացնեմ… քեզ նման խենթերի ես շատ եմ կուլ տվել ա՜յն ժամանակվանից ի վեր, երբ առաջին մարդը ճնշեց իր եղբորը, խլեց նրա ունեցածը, երբ Կայենը սպանեց Աբելին… Գնա՛, քանի չեմ փոշիացրել քեզ, անմի՛տ: Քեզ նման խենթերը թեև գտնում են ինձ, բայց չե՛ն կարող ոչնչացնել: Ինձ վնասել կարող է միմիայն այդ ամբոխը ահա, որ այժմ ահաբեկ` դողում է ոտքերիս առաջ…

Եվ շարունակեց կլանել ջուրը:

Խենթը բարձրացրեց բրիչը, ուժգնությամբ օրորեց և բուռն թափով նետեց դեպի հրեշի գլուխը:

Բրիչը սուլեց, գնաց քերթելու գազանի գլխի կաշին, բայց ուժգնությամբ կպավ կողքի ժայռերին, ջարդոտեց նրանց և հեռվում դիտող գյուղացիներից շատերին վիրավորեց:

Այդ որ տեսան գյուղացիք, զայրացան, հուզվեցին, հետո խմբվեցիև, քարեր վերցրին և քարկոծեցին խենթին: Իսկ հրեշը մի մեծ քրքիջ արձակեց և ասաց.

— Տեսա՞ք, մարդիկ, տեսա՞ք, որ այդ խենթերն ինձ դեմ կռվելով միմիայն ձե՛զ են վնասում: Քարկոծեցե՛ք այդ տխմարներին, ձեր թշնամիներն են, ձեզ մոլորեցնողներն են դրանք… Մինչդեռ ե՛ս եմ ձեզ կերակրողը, ձեր բարերարը… Եվ որովհետև եկել եք այժմ ինձ խնդրելու, ահա խոստանում եմ, որ է՛լ ավելի բարի կլինեմ դեպի ձեզ, ծարավ չեմ թողնիլ, որովհետև շրթունքներս անկյուն ունեն և անկյուններից ձեզ բավականացնելու, ձեզ ծարավությունից չմեռցնելու չափ ջուր թափվում է…

Եվ գյուղացիք դողալով` լսեցին հրեշի այդ բարեսիրական խոսքերը:

Քարկոծեցին, լեռների բարձունքները քշեցին խենթին, հետո ծունկի եկած` շնորհակալ եղան վիշապից և ուրախ` վերադարձան գյուղ:

— Խոստանում եմ,— ավելացրել էր հրեշը,— ձեզ ծարավ չպիտի թողնեմ, շրթունքներիս անկյունները քիչ ավելի կբանամ, երբ դուք չափազանց ծարավություն կզգաք:

Ու այդ խոստումը, պիտի խոստովանել, մե՜ծ ազնվությամբ կատարում է նա մինչև այսօր: Շրթունքները երբեմն քիչ ավելի է բաց անում` մեղմացնելու համար ա՛յն ծարավներին, որոնք տառապանքներից պատրաստ են խենթանալու:

Այդ օրվանի՛ց ահա, ամբոխը պաշտում է հրեշին որպես բարերարի. շինում է նրա համար տաճարներ, իսկ նրա դեմ խոսող խենթերին քշո՛ւմ է դեպի լեռների բարձունքները…