Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/105

Այս էջը հաստատված է

Այստեղ կվերջանար արդեն զրույցը, եթե պետք չլիներ մի դեպք ևս պատմել:

Այդ ա՛յն է, որ մի օր հայտնվեցին մարդիկ, որոնք երազ էին տեսել, որ մոտ է, իբրև թե, հրեշի ոչնչանալու օրը և որ նրանք երազի մեջ տեսել էին հրեշն սպանողին անգամ:

Ու նկարագրում էին այդ սպանողին. որ իբր թե հուժկու մի մարդ էր կաշվե գոգնոցով, կոշտացած խոշոր ձեռքերով և ձեռքին մի մեծ կռան բռնած…

Պատմում էին այդ երազատեսները նույնպես, որ իբր թե կաշվե գոգնոցով հսկան մեծ քայլերով գնում էր դեպի հրեշը, և վիշապը լսելով նրա քայլերը, կծկվում էր ու ճգնում ավելի՛ խորը մտնելու… Կարծես վախենում էր:

1903


ՍՏԱՄՈՔՍԻ ՀԱՄԱՐ

Սև, բարդ կույտերով լեռների գագաթին, հեռու, ամպերի սպիտակ քողի տակ, ծերպ-ծերպ քարերի, ժայռոտ բարձրությունների խոր լռության և խաղաղության ծայրագույն կետին, խորշանման ծործորի կողին բույն էր դրել մի սրաթռիչ արծիվ:

Այնտեղ էր նա դարերից ի վեր կատարների ժառանգական տեր, անդունդների վրայից թևերի մի թափահարումով անցնող, լերկ ու մեծ ապառաժների վրա կանգուն ու երբեք, սերնդից-սերունդ չէր իջել դեպի ցած և տեղերի գոյության մասին չգիտեր անգամ:

Ապրում էր անվրդով, զերծ որսորդներից, թշնամիներից:

Ներքևի որսորդները գիտեին նրա մասին: Երբեմն, երբ անոսրացած օդի մեջ պսպղում էին լեոների կատարները, և երկնային մաքուր կապտությունը մանիշակագույն ստվեր էր տալիս խոր հովիտներին, տեսնում էին նրանք այն սև լայն բիծը, որ, երերուն ու սավառնող, լողում էր արևի դեմ, ամպերի քողը ծակում սլանում, հետո անշարժ դիտում անդունդների խորքը և դարձյալ սլանում դեպի բարձրերը:

Եվ մտածեցին որսորդները լեոների բարձր կատարների այդ արծվին որսալ, խորհեցին բարձրությունների այդ մենակյացին վար` դաշտն իջեցնել, ղրկել կատարներից, անդունդի խորքը հասցնել, ապառաժների ստորոտը լզել տալ: