Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/106

Այս էջը սրբագրված է

Արծիվը չիմացավ այդ, ինչպես ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը։

Ու փորձեցին որսորդները վերելքներ սարքել, կատար առ կատար լեռները մագլցել, փորձեցին նետ ու հրացանով արծվին հարվածել, սակայն ոչ կարողացան նրա բույնը ելնել, ոչ էլ նետն ու հրացանը, հաջողվեց արծվին հասցնել։

Փորձեցին որսորդները կատարը պաշարել, արծվի ելումուտին հսկել, հանկարծական հարձակումներով նրան կաշկանդել, սակայն նա, գոռոզ ու վսեմ, սավառնում էր նրանց գլխից ու գնդակներից շատ բարձր, և կարծես այնտեղից, գլուխը ծռած արհամարհանոք՝ սողունների ջանքն էր ծաղրում, ճիգը քամահրում։

Եվ այն ժամանակ կատարվեց այն, ինչ որ գործադրվում է այս աշխարհում՝ արծվի իջեցնելու, առյուծի կաշկանդելու, ինչ որ հաջողված է մտային թռիչքների թևերը կտրտելու, ըմբոստ ու մեծ ոգիների ընկճել-ոչնչացնելու։

Որսորդները թարմ դիակներ գտան, նրանցից կտորներ նախ մի ժայռի վրա դրին, ուրիշ կտորներ ավելի ցածր և այսպես դիակների աստիճաններ շինեցին, որի մի ծայրը ցած՝ տիղմի մեջ էր հանգչում։ Արծիվն այդ տեսավ, երկար վարանեց, չուզեց ցած իջնել, բայց… անոթի էր, առաջին կտորի վրա ընկավ, ճիրանները մղեց ու հրճվանոք կերավ։

Եվ այդ իսկ առաջին քայլն էր, որ մղեց նրան երկրորդ քայլն էլ իջնելու, հետո երրորդը, ապա չորրորդը…

Ու որսորդները ծիծաղեցին գոհությամբ։ Մեծությունը իջնում էր ստամոքսին պաշտելու, վսեմությունը ստամոքսի սանդուղքն առած գլորվում էր դիակների վրայով…

Եվ իջավ արծիվը օրեցօր, այլևս չէր սավառնում նա ամպամած բարձրությունների վրա, այլևս բարձր կետ չէր նա ցածրերի համար։ Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը, և նա թևերը քիչ-քիչ ավելի սակավ բաց արավ, հետո թռնելն էլ մոռացավ— ցատկել սովորեց։

Եվ այժմ, թևատարած մեծ վսեմությունից սկսում էր ձևանալ մի անճոռնի հսկա, որ դիակների ճարպով վիզն էր հաստացնում, փորը մեծացնում, աչքերը հափրացնում։

Ու որովհետև հաստանում էր— կորցնում էր նաև թռնելու ցանկությունը: Ու որովհետև իջնում էր և իջած տեղում ավելի առատ կեր գտնում— արդարացնում էր իր փոխվելը, բնական գտնում իջնելը, մոռանում