Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/107

Այս էջը հաստատված է

մինչև իսկ արհամարհում էր կատարներն ու սիրել սկսում ցած տեղերը, ծանր օդը, հարթ տարածությունը…

Եվ որսորդները ծիծաղեցին: Մեծությունը իջնում էր ստամոքսին երկրպագելով, վսեմությունը ստամոքսի սանդուղքներով գլորվում էր դիակների կողքին…


* * *

Եվ այն աչքերը, որ վարժ էին երբեմն, անոսր օդի բարձրությունների մեջ պսպղացող հսկա լեռների կատարների վրա սավառնած հպարտ թռչունը տեսնել, այն հայացքը, որ հիանում էր երկնային մաքուր կապտության մեջ այդ երերուն մեծությունը դիտելով- մի օր էլ տիղմի մեջ գտան արծվին ճարպացած, արծվին լեշացած…

Գծուծ որսորդների ոչ թե գնդակները, այլ ստոր գավազանները ջարդել էին փորը կշտացնելու համար բարձրությունից իջած մեծությանը և լեշ դարձրել նրանից: Հետո, երբ օրեր անցան, նրանից խրտվիլակ շինեցին և մի հեշտակյաց խոզի պալատը զարդարեցին…

Այսպես էր, որ ընկավ արծիվը բարձր կատարներից և այդ այն օրը, երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել և իջնելու առաջին քայլն անել…

1904

ԱՆՏԱՌԸ ՇԱՐԺՎՈՒՄ է…
1

…Եվ այդ սքանչելի հովիտում, առատաբուխ ջրերի, կապուտակ վես ծովակների, ծաղկավետ բլրակների կողերին, հին, անհիշատակ ժամանակներից ի վեր, աճել-սփռվել էր մի շքեղ, խիտ անտառ:

Կաղնին ու թեղին, լորին ու բոխին ճյուղ ճյուղի միացրած, արմատներով հողը պինդ գրկած, անհամար ճյուղավորությամբ, բյուրավոր ընձյուղներով՝ տարածվել էին հեռուները, երկիրը բեղմնավորել, սև-պարարտ հողով պարուրվել և ապրում էին գոռոզ ու ազատ՝ մեծ երկնքի տակ, ջերմացնող արևի մեջ, սնուցանող անձրևով ուռճացած, զովացած:

Դեռ այդ քի՛չ էր: Գնում էր, շարժվում անտառը, մագլցում բնակարանը