Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/114

Այս էջը սրբագրված է

թաթերով, պահապաններին զարհուրեցնում որոտման աղաղակներով…

Մրկո՛ւմ էին, այրում վանդակի մի ձողը խորտակել ճգնող նրա թաթերը՝ ոստնում էր դեպի ուրիշ ձող. այրում էին նրա մարմինը շիկացրած երկաթով՝ մռնչում էր ավելի բարձր, ակռաներով փշրելու հարձակվում ամեն զենք, գազանապահների մոտ բերած ամեն զսպող միջոց…

Եվ պահապանները շվարած, գունատ ու այլայլված՝ չգիտեին ինչ անել այլևս, ինչպես զսպել զարթնած հս՛կային։

— Բերեք շատ ձողեր, շիկացրե՛ք, մարմինն այրեցեք, նուրբ մասերը մրկեցեք, զսպեք վայրենուն… – աղաղակում էր գլխավոր գազանապահը, — մի՛ խնայեք ոչինչ, միայն լռեցրեք…

— Շիկացրած երկաթով կուրացնենք աչքերը, — առաջարկեց մի լավ պահապան, — ապա թե ոչ՝ նա դուրս կնետվի, մեզնից ոչ ոք այլևս նրա ճանկերիցը չի ազատվի…

Բայց այնքան էլ դյուրին չէ կուրացնել առյուծին, զարթնած առյուծին։

Քանի շիկացրած ձողը մոտենում էր, այնքան առյուծը մեծ ոստումներ էր գործում, պատերը ցնցում, վանդակն ամբողջ կործանել սպառնում։

Քանի գոռում էին նրա վրա, ներս պարզված գավազաններով ծեծում, ջարդոտում՝ այնքան հսկան ավելի էր զայրանում, կծկվում էր մի վայրկյան, ուժերը կուտակում, ապա այնպիսի թռիչք գործում, որ պահապան ու գազանապահ՝ լեղապատառ փախչում էին, ծակուծուկ թաքնվում…

— Պետք է վերջապես մի ճար մտածել,— ասաց գլխավոր գազանապահը։

— Փորձենք քաղցրությունով… — խոսեց օգնականը, — համոզենք, խրատենք…

Պահապաններից մեկը լուռ՝ ծիծաղեց այդ լսելիս. բայց ոչ ոք նրան չտեսավ։

Եվ գազանապահները միահամուռ՝ եկան վանդակի առաջ, սկսեցին քաղցր խոսքեր, համոզողական, խրատական ձևեր…

— Լա՛վ, քնքո՜ւշ, խելոք առյուծս, – սկսեց մի պահապան, – ի՞նչ է եղել քեզ, վանդակդ՝ բավական լայն, կերակուրդ՝ իր ժամանակին. եթե հլու մնաս՝ պետք չունես պատժի… Հանդարտիր, սիրուն գազանս. չէ՞ որ խելոք էիր դու, հնազանդ, հլու…և երախտագետ ու շնորհակալ…

— Լսիր դու, առյո՛ւծ, — առաջ եկավ գազանապահը, — այս վարմունքդ վշտացնում է ինձ՝ քո խնամակալին, քեզ պահպանողին… Ամո՛թ է, ամոթ… ի՞նչն է պակաս քեզ. կերակուրդ՝ արյունոտ լավ միս, ջուրդ՝