Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/115

Այս էջը հաստատված է

թեև քիչ լեղի, բայց խո չէ՞իր հրամայի, որ մեր խմած ջրից քեզ բաժին հասներ… ո՛չ, լավ մտածիր, քաղցր ջուրը անասունների համար չէ… Եվ, վերջապես պիտի խելքի գաս, այսպես չի՛ կարելի, քնել չես թողնում մեզ, ո՛չ էլ՝ անվրդով…

— Է՛յ, աղմկող անասուն,— կանչեց իր կողմից գլխավոր գազանապահը ու մի քայլ մոտ գնաց,— պիտի ձայնդ կտրե՞ս թե ոչ. հանդարտի՛ր, թե չէ, աստված էլ գիտե, վանդակդ սեղմել կտամ, շղթաներով ոտներդ կապել… Ապա՞, քիչ լռիր տեսնե՞նք… Ւ՞նչ է ուզածդ։ Չլինի՞ մեզ նման ազատ ապրել ցանկացար հանկարծ… Ւնչպե՜ս չէ… անասուն ես և անասուն էլ պիտի մնաս՝ պահապանը գլխիդ, ձողը միշտ կողքիդ… Ա՜, դու ինձ չե՞ս լսում. այս խոսքերը, որով պատվեցի քեզ, դեռ չհամոզեցի՞ն, որ անիրավ ես դու… Շղթանե՞ր ես ուզում, ձո՞ղ, գավազաննե՞ր…

Առյուծը, սակայն, ո՛չ միայն չէր համոզվում, հանդարտվում, ո՛չ միայն չէր լսում, այլ շրջապատող ճառախոս բռնավորների շարժումները նրան ավելի կատաղեցնում էին, ու նա ցնցում էր, ցնցում, վանդակի ձողերը ծռմռում, տեղահան անելու շատ քիչ էր մնում…

Ու գազանապետները գունատ, վախով ետ փախան, իրենց խոր մառանն իջան և խորհրդի, մտածելու նստան։

Ի՞նչ անել: Առյուծը հանդարտելու ո՛չ մի միտք չուներ, ո՛չ խրատն էր ազդում, ո՛չ սպառնալիք։ Վայրկյան առ վայրկյան կարող էր ձողերը փշրել, կատաղի՝ դուրս նետվել ու նրանց մի առ մի հոշոտել, ջարդել։

Կյանքի և մահվան խնդիր էր գոյացել։ Սպանել գազանին՝ նշանակում էր զրկվել ռոճիկներից, զրկվել եկամուտից, վայելքից, ընդմիշտ կորցնել հարստություն, անաշխատ կյանք, գազանապահական, տիրելու հաճույք, իշխելու իրավունք։

— Պետք է ուզածները տալ, միջոցը դա է,— ասաց գազանապահի խելոք օգնականը, — տալ եթե ոչ բոլորը, գոնե մի քանիսը. վանդակն օրինակ՝ լայնացնել, կերակուրը շատացնել, ձողը թաքցնել, շղթաները հեռացնել… Այո՛, միմիայն լայնացնել, թաքցնել, հեռացնել… Ո՛չ ավելի և ո՛չ էլ պակաս։ Հարկավոր է այդ ամենը իսկույն կատարել առայժմ։ Առայժմ՝ այդ է իմ խորհուրդը…

Գլխավոր գազանապահը մտածեց, երկար մտածեց, սակայն պահապանները լեղապատառ ներս ընկան, ձողերից մեկի փշրվելը ազդարարեցին, և նա ստիպվեց հրամայել, որ առյուծի ուզածները տան՝ վանդակը լայնացնեն, կերակուրը շատացնեն, ձողերը թաքցնեն, շղթաները մառան իջեցնեն…

Եվ ահա այդպես էր, որ պահապանները զիջան ու ահեղ գազանի ուզածները արին։