Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/116

Այս էջը սրբագրված է
2

Տվին ուզածները։

Վանդակը բաց արին, առյուծին բակը հանեցին, շղթաները դղրդյունով տարան՝ մառանն ածեցին, վերացրին ծեծը, թաքցրին պատժող ձողը, առատ միս առաջը նետեցին, այլև հայտարարեցին, որ նա կարող էր այնուհետև գոռալ ու երգել ինչքան կամենար։

Դա արդեն «շնորհների» մեծագույնն էր։ Ճշմարիտ է, վանդակից հետո քարե պարսպով լայն բակը կար դեռ, փշրելու անհնար վանդակ, սակայն առյուծն առայժմ գոհ էր. կարող էր վազել, ոստնել, մռնչալ, երգել…

Որքա՜ն ուրախությամբ էր, որ նա դուրս նետվեց, թավալեց գետին, ուրախ կանչեր արձակեց, ախորժակով կերավ կերակուրը, խմեց առվակի ջուրը, երկնքին ժպտաց, արևին ողջունեց և խրոխտ ձայնով ամբողջ օրը երգեց…

Գազանապահներն ու պահապանները, նախ հեռու բռնեցին իրենց, հետո զգուշաբար, վախախառն ժպիտներով փորձեցին դուրս ելնել, առյուծին երևալ, նրան պահպանելու հոգսը իրենց վրա առնել։

Առյուծը մի կողմ կծկված՝ նայեց նրանց խիստ կասկածվոր, հարձակման դիրք ընդունեց… Բայց երբ տեսավ, որ իրեն չեն դիպչում, արգելք չեն լինում ուզածն անելու՝ միամտվեց ու թողեց, որ իրենց պարտքը կատարեն. սրբեն բակը, մաքրեն առվակը, թփերը զննեն, բակի տերը դառնան այնպես, որպես առաջ էր։

Գազանապահ-պահապան, ամենքը այլևս այն չէին, ինչ որ առաջ էր. խրոխտ չէր հնչում նրանց ձայնն այլևս, ոչ էլ զայրալից, հրամայողական: Ժպտում էին շողոմաբար, ներողամտական դիրք ընդունում… Մի խոսքով, մեղրի նման քաղցր էին դարձել, սպասավորների դերի մեջ մտել։

Այդպես էր ահա, որ առյուծը սեղմ վանդակից պարսպապատ բակը ելավ, ուտելու ազատություն ստացավ, կանչելու և մռնչալու իրավունք:

Այդպես էր ահա, որ խարանող ձողն այլևս չերևաց, գավազանները թաքնվելու գնացին, շղթաները մառանն իջան։

Մյուս օրն արդեն գազանապահ ու պահապան ավելի վստահություն առած՝ մի քանի քայլ մոտ եկան առյուծին, ու նրանցից յուրաքանչյուրը պարտք համարեց մի ճառ խոսել հսկային։

— Ահա վերջապես, առյուծ, ուզածդ ունեցար։ Վանդակդ՝ լայնածավալ, բաց երկինքը՝ վրադ, հողն ու բույսը, թուփն ու ծառը, քաղցր ջուրն էլ կողքիդ, շղթաներդ՝ մառանում, շիկացող ձողը, գավազանները՝ հեռացրած… Հույս ունենք, որ այսուհետև կհանգստանաս, խելոք կմնաս և քեզ պահպանողներին չես վշտացնի…