Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/117

Այս էջը սրբագրված է

Գլխավոր գազանապահն այնուամենայնիվ, պաշտոնի բերմամբ, անհրաժեշտ համարեց քիչ ավելի ներշնչող դարձնել քարոզը. քարոզ խառն հանդիմանություններով, զգուշության հրավերով։

— Լսի՛ր, գազա՛ն դու, — ասաց նա խրոխտ, — տվի՝ ինչ ուզում էիր: Մենք գտանք, որ քո բարելավության համար՝ տալն անհրաժեշտ էր… Գիշեր և ցերեկ քո երջանկության համար հոգս անելով, խորհեցինք, թե հարկավոր էր քեզ առատ կերակուր և վանդակի լայնություն… Ջանա ուրեմն այդ շնորհներին արժանի լինել և մեր հայրական սիրտը չվշտացնել… Ջանա, որ պետք չունենաս այլևս վանդակ ու ձողի, շղթա–գավազանի… աշխատիր արդարացնել քեզ վրա դրած հույսերս…

Առյուծը լսում էր։ Լսում ու խորհում։ Կծկված պատի տակ, լուռ, զգուշավոր… Եվ երբ գլխավոր գազանապահն ու իր քարոզները հեռացան՝ ժպտաց, բաշը թափ տվեց ու ասաց.

— Այդ պարոնը երևի չգիտե դեռ, որ առյուծի ճանկն ընկածն այլևս ետ խլել չի կարելի…

Միամիտ են լինում առյուծները, ինչպես ամեն զորեղ արարած։ Ո՛չ խորամանկության մասին գաղափար ունեն, ո՛չ ճարպիկության, ո՛չ էլ թակարդների։

Եվ դա է պատճառը, որ առյուծին շատ ավելի հեշտ է թակարդ ձգելը, քան աղվեսների։

Սակայն հսկան, տարիներով չունեցածը ձեռք բերելուց արբշիռ՝ թոթվեց իրեն, վազվզեց, մռնչաց, երգեց…

Անցան շատ օրեր։ Գազանապահ ու պահապան՝ բակի մեջ եղած ազատ առյուծից այլևս չէին վախենում։ Մտածում էին. «Բարկացել էր՝ անցավ»…

Ու մոտենում էին։ Մինչև իսկ մի օր էլ պահապաններից մեկը մոտ եկավ գավազանը ձեռքին, որպես թե հենց այնպես, հենվելու, ձեռքում խաղացնելու էր վերցրել։

Առյուծը ցնցվեց, տեսնելով փայտը, նայեց պահապանին, սակայն սա ժպտում էր սիրալիր և սկի էլ զենքը գործածելու մտադրություն չէր ցույց տալիս։

Մի ուրիշ օր էլ, առյուծը, երբ քնից զարթնած՝ հորանջում էր, լուսածագը ողջունում զվարթագին՝ աչքն ընկավ բակի մի կողմում փայլող սոսկալի առարկային… և կարկամեց։

Ի՞նչ էր այն, ձողը չէ՞ր… Այո՛, ձողն էր. փայլուն երկաթը, որ կարմրած՝ հազարավոր վերքեր էր թողել իր առյուծային մարմնի վրա՝ մռութն էր այրել, թաթերը հոշոտել…

Ձողն էր։ Պատին կռթնեցրած, փայլուն, սպառնագին…