Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/12

Այս էջը հաստատված է

ոտների վրա ցատկում էր, երբ ուզում էր ազդու անել, պոչն էր ցցում դեպի լուսինը, իսկ երբ կամենում էր մի լավ ոճ գործածել, ասում էր. «Ուտել, կտոր-կտոր անել, մսերը ծամել» և կամ՝ «Հանուն ընկերական ապահովության, կոտորել նրան և բաժանել խորհրդի անդամների մեջ…»։

Իսկ եթե բան է, ասում էր, թե՝

«…Իհարկե, մեծ մասը թողնելով նախագահին, որ նեղություն է կրում…»,— իսկույն մի խուլ շշուկ էր բարձրանում։ Ճառախոսության այդ ոճը վաղուց հնացել էր. ինչպե՜ս էր թույլատրում իրեն նախագահը գործածելու նրան։

— Աո՜ւ, աո՜ւ…

Ահա այդպես զբաղված էր Մեծ Խորհուրդը, երբ Կարմիրն ու Սարհոնը հասան բլրին։

Կարմիրն առաջ անցավ, երկու ոստյուն գործեց, խոնարհվեց նախագահի առաջ և ասաց.

— Ժողովի հրամանը կատարեցի, ահա Սարհոնը։

— Թող գա, թող գա,– ձայնեցին բոլորը։

Եվ Սարհոնը մտավ շրջանի մեջտեղը։ Երկար ժամանակ էր, որ նա ոչ միայն Մեծ Խորհրդին չէր ներկայացել, այլև շատ գայլերի հետ կտրել էր իր հարաբերությունը։ Դրա համար էլ մի րոպե բոլորը լռությամբ դիտեցին նրան։ Այնուհետև նախագահը նստեց ետևի ոտների վրա և ասաց մեծափառորեն.

— Սարհոն եղբայր, Մեծ Խորհուրդը գումարվել է այսօր և քեզ իր ատյանը կոչել։ Գայլ եղբայրները քո անձիդ դեմ ոչինչ չունեն, եթե անհանգիստ աչքով չդիտեին այն անիծյալ, մեր ցեղին թշնամի գազանին, որ մտել է մեր մեջ։ Դու նրան պահում ես, կերակրում. նա արդեն մեծացել է, շուտով կսկսի Կարմիր–հրեշը գործածել, և այն ժամանակ գիտե՞ս, թե ինչ է նշանակում այն թշնամին, որ մեր տունն ու տեղն է ճանաչում, որ մեր լեզվին ու օրենքներին է ծանոթ… Խոսի՛ր, ի՞նչ ես մտադիր անել։

— Այո, խոսի՛ր,– ձայնեցին բոլորը։

Սարհոնը զգաց, որ Օձուկի բանը բուրդ է։ Գայլերը ուտելու փափագ ունեին, և մանուկի փափուկ մորթը գրգռել էր նրանց ախորժակը։

Նա ստիպվեց նախ համառոտապես պատմել մանուկի մուտքը իրենց մեջ, հետո պարզեց նրա մեղմությունը, նրա՝ իր մանուկների բարեկամ դառնալը…

— Գայլ եղբայրներ,— վերջացրեց նա,— ես չեմ կարծում, որ դուք այնքան անգութ լինեք՝ զարնելու համար մի անզեն անձի. չէ՞ որ այդ