Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/125

Այս էջը սրբագրված է
6

Մինչ այդպես Իրանն ամբողջ տանջվում էր, հուզվում, մինչ մի կողմից արյունն էր հոսում, մյուս կողմից Բողոքը մեծանում, հեռու, ծովեզրյա անտառի խորքում, Զոհակի և երկու օձերի լուրը նոր էր դեռ հասնում։

Այնտեղ, այդ թավուտ, ծանր անտառի մեջ կար աշխատավորների փոքր մի ժողովուրդ։

Պղնձագործների, երկաթագործների, ածխագործների և դարբինների մի խումբ էր այդ, որոնց մեջ էր ապրում վաղուց ի վեր հռչակ ստացած դարբին Ֆրեյդունը։

Վարպետ Ֆրեյդունին Իրանի երկրի աշխատավորները լավ էին ճանաչում։ Թեև ծեր, վաղուցվա դարբին, բայց դեռևս առույգ էր նա, ուժեղ, ջլապինդ։

Նրա կռանի տակ սալն էր դղրդում, զորեղ հարվածներից անտառը թունդ ելնում։ Ե՛վ ճարպիկ վարպետ, և՛ ծեր-փորձառու, և՛ հսկա՜, ուժե՜ղ։

Վարպետ Ֆրեյդո՛ւնն էր աշխատավորների սիրած խորհրդատուն, նրանց առաջնորդը որևէ գործում։ Վարպետ Ֆրեյդունը պատգա՛մն էր նրանց, սիրված՝ իբրև հայր։

Իր դարբնոցի մեջ միշտ թևերը սոթտած, յոթ որդիներին շուրջը բոլորած, կռում–կոփում էր զվարթ երգը բերնին։ Երկրագործների՝ բահ էր մատակարարում, փայտահատների՝ հատու կացիններ և որսորդների՝ ծանր տապարներ, շամփրող սուր տեգեր։

Եվ երջանիկ էր նա իր հնոցի առաջ, կռանը ձեռքին, կտրիճ զավակների հետ։ Կտրիճներ, որոնք հոր պես՝ մի-մի հսկաներ, ջլապինդ բազուկներով պողպատն էին գալարում, երկաթը ծռում, աշխատավորների համար արոր, խոփ կռում ու կյանքին ժպտում։

Զոհակի ճանկը դեռ անտառ չէր մտել, աշխատավորների հանգիստը վրդովել։ Բյուրն ու Բուրը կարծես նրանց մասին ոչինչ չէին չսել։ Գոնե նրանց արբանյակներն ու գործակալները մինչ այդ՝ չէին երևացել ուղեղներ տարել։

Վարպետ Ֆրեյդունը լսել էր օձերի մասին։ Գիտեր նա նույնպես, որ Իրանը բռնակալի ձեռքին էր, և որ նրա ուսագլխերին բուսած երկու վիշապները երկրի մեջ եղած թարմ ուղեղների որսի էին ելել։

Լսել էր, գիտեր, բայց չէր հավատում, հեքիաթ էր կարծում, տգետ ու վախկոտ դաշտեցիների շինած մի զրույց, անմիտ ու անհամ։

Չէր կարծում երբեք, մտքովն իսկ չէր կարող անցնել, որ երբևիցե ինքը՝ վարպետը և կամ իրեն շրջապատող կտրիճ աշխատավորները մի