Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/128

Այս էջը սրբագրված է
9

Երրորդ որդուն ծեր Ֆրեյդունը երրորդ օրն իսկ ստիպվեց հանձնել: Անխնա կերպով նրան նույնպես գետին տապալեցին, առան-գնացին:

Դարբինը փորձեց բողոքել, կանչեց աղաղակեց— բալց իբր պատասխան՝ հափշտակողների ծիծաղը միայն շարժեց։

Ծիծաղ, հայհոյանք, մտրակի հարված… և վիշապների գործակալները, հետքերի վրա ճիչ ու աղաղակ, երիտասարդներին առան ու տարան։

Հետևյալ օրը հերթը հասավ նաև չորրորդին։ Ֆրեյդունը հուսահատորեն լացավ, փորձեց աղաչել, նրանց գութը շարժել… բայց գործակալները նրան ծեծեցին, ուշաթափ արած՝ վայր գլորեցին և հետզհետե, այնուհետև, ամեն օր գալով, տարան հինգերորդ, վեցերորդ որդուն։

Ֆրեյդունը գիտցավ, որ այլևս գութ չկար, ոչ էլ Բյուր և Բուրի ստամոքսներին՝ չափ։ Անտառի մեջ թարմ ուժերը սպառվում էին. կամ զոհ էին գնում, կամ փախնում-թաքնվում։ Արհեստանոցները փլատակ դարձան, մուրճերը կանգ առան, երգերը լռեցին, հնոցների կրակները՝ հանան– մարեցին…

Այդ սոսկումների մեջն էր ահա, որ Ծայրագույն Տանջանքը նորից հղիացավ և ծնեց այն ահեղ Որդին, որին վիճակված էր մեծ հարվածը տալ, բռնակալության գահը տապալել։

Երկրում ցոլացող կայծերը իրար գտան մեկեն, ի մի ձուլվեցին, խուրձեր կազմեցին ու սպառնագին անտառը դղրդացրին…

Այդ սոսկումների մեջն էր ահա, որ ծեր Ֆրեյդունի աչքերը ցամաքեցին, բոցեր արձակեցին։ Դարբնոցում նորից հնոցը վառվեց, վաղեմի վարպետը կաշվե գոգնոցը կապեց, կռանը ձեռքն առավ և սպառնագին՝ նոր երգ հնչեցրեց։

Ու խոր գիշերվա մեջ թունդ ելավ անտառը նրա գոռ կոչից.

— Ելե՜ք, դուք, բոլոր աշխատավորներ,— կանչեց նա ուժգին,– ճնշված— տանջվողներ, ելե՜ք։ հասել է ժամը, կամ ամենքս մեռնենք և կամ բռնակալության գահը տապալենք…

Ասաց ծեր բանվորը, բուռն շարժումով կորզեց իր գոգնոցը, փայտ ծայրը գցեց, դրոշակ շինեց, կռանը ձեռքն առավ ու առաջ ընկավ։

Ծայրից ծայր, ծովից ծով հնչեց իսկույն պատերազմական մեծ աղաղակը, կայծերը ժողովվեցին, աշխատավորները ելան թաքստոցներից, կաշվե գոգնոցի մոտ գումարվեցին, խրոխտ— սպառնագին մեծ խումբ կազմեցին, առաջին թափով իսկ՝ եկող գործակալներից մինչև ետինը կոտորեցին ու առաջ անցան։