Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/13

Այս էջը հաստատված է

Օձուկը այնքան վարժվել է մեր մեջ, որ այլևս մոռացել է, թե ուրիշ հասարակության է պատկանում, մոռացել է, որ մեզ թշնամի է։

Հազիվ թե վերջացրել էր, երբ մի երիտասարդ անդամ վեր թռավ, խոսք ուզեց և սկսեց ճառել ժառանգականության մասին, որով և հաստատեց, թե Օձուկը իր պապերից ժառանգած լինելով դեպի գայլերը թշնամություն, վաղ թե ուշ նրա մեջ վերարտադրվելու էր եղած բնազդը։

Նրա ճառը ազդեցություն թողեց. բայց այդ միջոցին գայլերի մեջ հեղինակություն ունեցող մի հին պատերազմիկ առաջ եկավ և ասաց.

— Զինենք այդ Օձուկին իր եղբայրների դեմ մեր օգտին, ինչպես որ մարդիկ զինել են մեր եղբայրներին՝ շներին, մեր դեմ և մատնիչներ դարձրել նրանց։

— Կեցցե՜, կեցցե՜, ա՜ու…,— ոռնացին ամեն կողմից։

— Բայց, գա՛յլ եղբայրներ,— խոսեց նորից Սարհոնը,— դա մի այնպիսի ցածություն կլիներ, որին միայն մարդիկ են ընդունակ, իսկ մեզ, գայլերիս, դա պատիվ չի բերի։ Ւ՞նչ կասե մեր ապագա սերունդը, եթե իմանա մեր այն աստիճան թուլությունը, որ ստիպված ենք եղել այդպիսի ստորությունների դիմել… Ո՛չ, եղբայրներ, թող միշտ մեր անունը անաղարտ մնա մեր սերունդների համար։ Մենք անոթի չենք մնա երբեք և ոչ էլ կոչնչանանք. մեր ձեռքերը և ուժը մեզ միշտ կերակրել են ու պաշտպանել. չլինենք մարդկանց պես…

— Այո՛, այո՛,— ձայնեցին շատ երիտասարդ գայլեր,— Սարհոնը ազնիվ գաղափարներ է հայտնում. մենք համամիտ ենք նրան։

Բայց որովհետև ինչ երիտասարդությունը լավ է գտնում, ծերությունը՝ վատ, որովհետև հնի և նորի, ծերության և երիտասարդության կռիվը գոյություն ունի բոլոր արարածների մեջ, դրա համար էլ իսկույն ծեր գայլերը հնամյա պատերազմիկի կողմը բռնեցին Սարհոնի դեմ, և ահա հասարակությունը բաժանվեց երկու կուսակցության։

Ծերերը պնդում էին, որ հանուն խոհեմության, զգուշության և ընկերության հարատևության պետք է լռեցնել «ձվից նոր դուրս եկածներին» և փոքրին էլ, քաղաքականորեն, իբր զենք գործածել թշնամիների դեմ։

Երիտասարդները, ընդհակառակը, գոռում էին և անտառն էին թնդացնում իրենց աղմուկով, որ հանուն ճշմարտության, որ ազգություն չունի երաժշտության և սիրո պես, հանուն ազնվության, որ համամարդկային է, պետք չէ այդպես անել։

Համենայն դեպս Օձուկը վտանգից ազատվել էր։ Նրան էլ չէին ուտելու, և այդ շատ ցավ ազդեց Մեծ Խորհրդի նախագահին, գզիրին և մյուս պաշտոնյաներին, որոնք միշտ լավ ախորժակ ունեին։