Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/130

Այս էջը հաստատված է
ԾՈՎ
(Պատկերներ)
1

Միալար ու անդուլ շշուկով լի համերգը դեպի ափերը օրորելով, վետ-վետ ալիքների կայտառ ոստումները միմյանց վրա հանած, անհոգ ծալքերի և շերտավորումների պչրանքներ քմահաճորեն վերջալույսի տակ գունավորելով - փռվում է ծովը անծայրածիր ու ծիծաղախիտ, ծովը ծավալուն ու վաստակաբեկ, խոնջացած ծերունի հսկայի նման պատկառելի:

Լուռ և խաղաղ է նա, շնչառումը կանոնավոր - քնացողի պես, շարժումները դանդաղ - հոգնածի նման։ Ո՛չ կոհակներն են ծառանում սպիտակ փրփուրներով, ո՛չ ակոսացող ծալքեր են գլորվում և միմյանց վրա նետում ճերմակ բաշերի աճեցուն շարքեր, ո՛չ էլ անհամար ալիքներնն իջնում - ելնում սողոսկուն՝ ջրերի խորքերն իջեցնելու համար հուզմունք ու վրդովումներ։

Հանգիստ է ծովը, լուրջ և խոհուն։ Եթե երբեմն մեղմիկ շշուկով, պարբերաբար ափերն են լիզում նրա ջրերը և ճապաղ տարածումով ավազը լվանում - հսկայի կենսունակության անվերջ խանդն է այն, որ ապրում է միշտ մեն մի կաթիլի մեջ։

Ու սպասողական խոհեր կազմած իր լայն դեմքի վրա, ինքնամփոփումի և լուռ մտածումների խորշումները ճակատին, աչքերը հառած, անդորր է ծովը։ Անդորր՝ բնության այն լռիկ վայրկենի պես, երբ տերևի և ցողունի արձանացումը սոսկում է ազդում, երբ օդի մեջ սավառնում է մրրկի զարհուրելի ուրվականը անշշուկ ստվերի նման, և երբ մթնոլորտի խեղդիչ անշարժությունը գալիք փոթորիկի պայթումն է զգացնել տալիս:

Անշարժ պառկած է և ակնարկը ժայռերին է։ Հոգնել է հսկան, շունչ է առնում իր լայն կուրծքի ելևէջներով և մեծ թոքերի խուլ շշնկոցով…

Այդպես է հանգչում ծովը և այդպես նա սպասում է ներքին ուժերի վերստին կուտակմանը, որպեսզի նորից ելնե ապառաժների դեմ, փոթորիկ հարուցանե պատվարների հանդեպ։

Այդպես է նույնպես պահ մի լիովին կարծես մնջում, սակայն իրապես՝ ուժերն է կազդուրում ե դիզացնում այն ժողովուրդը, որ շղթաների նշման և բռնակալության գարշանքների գիտակցություն ունի, այլև զարթնումի անզուսպ տենչանքը…