Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/132

Այս էջը հաստատված է

է նա. ամենազոր, ամեն բան տապալող, աղաղակովը վսեմ և ուժովը աննկուն ըմբոստացում։

Եթե պահ մի ետ է քաշվում նա ափերից, խոր դեպի ներս է գնում խոնարհ ու գետնաքարշ, կծկված և անաղմուկ - այդ պահը նրա ուժերն ամփոփելու և հանգստության ժամն է։

Ու քանի դեպի խոր ու ներս են քաշվում ջրերը անմռունչ, այնքան մեծ ուժգնությամբ, այնքան բարձր դիզացած ու կատաղի՝ գալու են նրանք քանդիչ ու ավերիչ զորությամբ, շղթաներ փոշիացնող հարվածները ջախջախիչ դարձրած։

Այդպես է ծովը։ Տեղատվություն մեծություն՝ մակընթացություն վիթխարիություն է առաջացնում։

Այդպես է նաև պահ մի տեղի տվող, հաղթահարված և ուժասպառ այն ժողովուրդը, որ խոյացման ուժգնության համար պետք ունի կազդուրվելու, պետք՝ հանգչելու, ուժերը ժողովելու…

* * *

Ծովը հմայիչ, ծովը ծփուն և գեղածիծաղ, լուսնի շողքերի տակ գոգահար ննջող մանուկի գեղեցկության, կույսի երեսին ժպտող, ծովը շողշողուն՝ պատկերն է կենսուրախ, եռանդուն և հրապուրիչ այն ժողովուրդի, որ ազատ է իր ձգտումների մեջ, ազատ՝ իր մտածությունների և ազատ՝ իր թռիչքների մեջ։

Ծովը՝ մի մեծ լաթի պես դողահար ու անկենդան, ցրտի մեջ սրթսրթացողի ողորմելիությամբ և քնածի ապշությամբ - պատկերն է ստրկության, տգիտության և արատների մեջ սնված ու ծվենների փոխված հասարակության, որ ճահիճների մեջ է որոնում իր կյանքը և շղթաների մեջ ծյուրվելն է իր հեռանկարը. ժողովուրդ անգետ, անճաշակ, բիրտ և ստրկահոգի։

Բայց ծովը կնճռոտ, հարձակման համար ետ գալարվող, ծովը՝ այնուհետև կատաղի և փրփրալից երախներից մռնչյուն արձակող, ծովը՝ զարհուրելի զանգվածով ժայռերի վրա նետվող - պատկերն է այն ազնիվ ժողովրդի, որ գիտակցության րոպեների շնչով ծառանում է և իր իրավունքները, արդարություն ու ազատությունը կորզում, հափշտակում …

Նստիր ծովի մոտ և ուսիր նրանից այն ամենը, ինչ նրա ջրերն են պատմում, ինչ ալիքներն են մռնչում։

Ծով և ժողովուրդ - երկուսն էլ միևնույն շարժումներն ունեն, միևնույն թափը… և միևնույն ապշությունը։

1909