Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/135

Այս էջը սրբագրված է

Կարմիր, փայլուն փետուրներով, երկար վզով և երկար ոտներով երիտատարդ աքաղաղ էր: Այնպիսի խոշոր ճանկեր ուներ, որ աքաղաղները դոզսղով էին դիտում: Սոսկալի էր մանավանդ բութ մատի ժանիքը:

Հավերն այլևս չէին համարձակվում մոտ գնալ հատիկներին, իսկ աքաղաղները մի վայրկյան շփոթությունից հետո սկսեցին կամաց֊կամաց առաջ քայլել։

Նորեկը զննում էր նրանց, և նրա դեմքի վրա գծվում էր խղճացող արտահայտություն: Բայց այդ երկար չտևեց. հանկարծ լարվեց նա ոտների վրա, մի զորեղ կուկուրիկա արձակեց և այսպես խոսեց.

-Բարև, բարեկամներ, չեմ եկել ձեր կուտը կամ կանայքը խլելու, մտադիր չեմ ձեզ հետ կռվելու։ Ինձ այստեղ բերողն այն միտքն է, որ ձեզ հետ բարեկամանամ: Վաղուց է, որ իմ հայրենիքում, մեր մեջ, լսում ենք ձեր տառապանքի, ձեր գերության և թշվառության մասին: Մենք եղբայրներ ենք և ինձ դժվար է տեսնել, որ դուք այդ աստիճան ստրկացած, անմռունչ զոհ եք գնում անկուշտ աղային… Ես եկել եմ ձեր մեջ՝ ձեզ հետ խոսելու, և պիտի տեսնեք, որ ինձնից ոչ մի վնաս չեք ստանալ. ու եթե լսեք ինձ, ձեզ կպատմեմ շատ հետաքրքիր բաներ մեր այն հայրենիքի մասին, ուր ո՛չ շրջանակ կա, ո՛՛չ աղա և ո՛չ էլ մորթող…

Այդ խոսքերը մի տեսակ ապշության մեջ ձգեցին բոլորին։ Աքաղաղները թշնամաբար էին նայում նրա վրա, բայց նորեկը ոչ նրանց կուտին ձեսք տվավ և ոչ էլ կանանց: Սկզբում ոչ ոք չէր մոտենում նրան. դա մի քանի օր տևեց, բայց չորս օրից հետո նա բարեկամացավ բոլորի հետ։ Այնքան բարի էր, որքան որ զորեղ էր։ Հավերը բոլորն սկսեցին սիրահարվել նրա վրա. իսկ աքաղաղները քծնախառն վախով էին մոտ գալիս նրան։ Այդպես է. ստրուկ մեծացածը՝ առանց վախի, հարգանք չգիտե. եթե մեկին հարգանք է ցույց տալիս- դա վախենալուց է։ Չէ՞ Որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետև վախենում են նրանցից. կենդանիներ, որովհետև սոսկում են նրանց հարձակումներից։

Սակայն հավերը քիչ֊քիչ սկսեցին զգացած վախն էլ փարատել և այժմ պտտվում էին նորեկի շուրջը։ Նորեկը նրանցից ոչ ոքի չդիպավ, և դա զարմացրեց աքաղաղներին։ Բանն այն է, որ նորեկը ոչ միայն ձեռք չէր տալիս կանանց, թողնում էր կուտն ուտելու, այլ մինչև իսկ ինքն էր հրավիրում նրանց՝ մասնակցելու իր գտած որսին և մեծ բաժինն էլ նրանց էր թողնում։

-Այդքա՜ն բարություն։

Ամբողջ գաղութն ապշության մեջ էր։ Ո՞վ էր ուրեմն այդ վեհանձն ու զորեղ նորեկը, որ ոչ բռնանամ էր, ոչ օգավում իր ուժից, այլ մինչև իսկ որսում էր նրանց համար, պաշտպանում նրանց, խորհոլրգներ տալիս