Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/14

Այս էջը հաստատված է

Բարկությունից նախագահը ատամները կրճտացրեց Օձուկի ապահովությունը կամեցող երիտասարդների դեմ և գոռաց.

— Ուտենք Օձուկին, ոչնչացնենք նրան. ահա խռովություն սկսեց սերմանել մեր մեջ։

— Ո՜չ, ո՜չ,— ձայնեցին քաղաքագետները,— կենդանի թողնենք և իրք զենք գործածենք մեր թշնամիների դեմ։

— Ո՜չ, ո՜չ,– մեջ մտան երիտասարդները,— կենդանի թողնենք, և ազնվությամբ վարվենք նրա հետ։

— Գետինն անցնեք ձեր ազնվությամբ,— ոռնաց նախագահը և անցավ ծերունիների կողմը։ Պաշտոնյաներն էլ նույնն արին իրենց պաշտոնի բերմամբ. բացի դրանից, չնայելով, որ երիտասարդ էին, բայց ավելի լավ ախորժակ ունեին, քան լավ գաղափարներ։

Բարձրացավ դժոխային աղմուկ անտառի մեջ. կարգ չմնաց. ամեն ոք խոսում էր։ Վիճում էին, իրար դեմ քայլելով՝ պոչները թափ տալիս, ապա ետ դառնում և իրենց կողքինի ականջը խլացնում։

— Խո՛սք կուզեմ…

— Արձանագրե՜լ բողոքս…

— Ի կա՜րգ, պարոննե՜ր…

Ո՞վ էր լսողը. մարդիկ կարգ-կանոն գիտե՞ն, որ գայլերը գիտենան։

Կամաց–կամաց, որովհետև կուսակցական, մանավանդ ուժեղ ձայնարկությունների զորությունը երիտասարդների կողմն էր, ծերունիները սկսեցին ետ քաշվել։

— Գնանք, գնանք, իզուր ժամանակ ենք կորցնում,— նշան տվավ հին պատերազմիկը։— Ժողով հո չէ՜. ամեն մի երեխայի խոսելու են թողնում։

— Այնպես չէ՞,— մոտեցավ նրան մի ուրիշ ծեր,— ժամանակս խիստ փչացել է. ո՞վ էր տեսել, որ այդպիսի կաթնակերները ծերերի դեմ խոսեն։

— Է՜հ, իհարկե, այլևս գայլությունը կսկսի վատասերվել,— դիտեց մի երրորդ ծեր։

— Զարմանալի է,– դիտել էր տալիս մի ուրիշը,— ինչո՞ւ է նախագահը լռել և վռնդել չի տալիս ժողովից բոլոր այդ աղմկարար երեխաներին. էլ ոչ ծերերի պատիվ մնաց, ոչ կարգ-կանոն… թե ես կլինեի նախագահ…

Եվ այսպես կամաց-կամաց ծերերը հեռացան։ Բլրի վրա մնացող երիտասարդներն էլ կես ժամի չափ գոռգոռացին, աղմկեցին, սպառնացին և նրանք էլ գնացին։

Բլուրն ամայացավ։