Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/140

Այս էջը հաստատված է

տվավ, խոստացավ միշտ այդպես կերակրել և կառավարիչ կարգեց նրան մյուսների վրա:

Ապա սահմանեց աստիճանավորներ` առանձին արտոնություններով. և այդպես, լիովին հետևեց ստացած խորհրդին:

Սկզրում ամբողջ գաղութը զարմացած էր, նոր պաշտոնյաները չէին հասկանում: Հետո իշխելու, ընկերներից հարգանք ու հնազանդություն ստանալու փափագը զարթնեց նրանց մեջ և, հուսկ ուրեմն, նրանք սկսեցին իրենց սեփականացնել բաշխվող կուտի ամենալավ մասը, պատժել՝ ում կամենալ, սաստել, խլել՝ ում փափագել, և չէր անցել մի քանի ամիս, որ գաղութը ոչ միայն լիովին հանդարտվեց, այլև ամենից ազատ ու հանդուգն մտածողները դարձան ամենից բռնավոր իշխողներ, գրողին տվին ազատ մտքերն ու իդեալները և մինչև իսկ սկսեցին ծաղրով հիշատակել օտար աքաղաղի և փախած ընկերների մասին...

Դրա վրա ավելացրեք և այն, որ մի օր, աղայի հրամանով և նոր պաշտոնյաների համաձայնությամբ, մի թուղթ կախվեց գաղութի մեջ, որի վրա գրված էր այսպես.

«Չհամարձակվե՜լ ազատության մասին մտածելու, այդպիսին մյուսներից ավելի շուտ կմորթվի...»:

— Չհամարձակվե՛լ...— ճչացին պաշտոնյա աքաղաղները,— թե չէ` մյուսներից ավելի շուտ կմորթվեք:

Եվ խելոք աքաղաղները, երբ կարդացին այդ, բարվոք համարեցին ավելի ուշ մորթվելը` ազատության փոխարեն, որպես իդեալ ընդունել, և այնուհետև էլ ոչ ոք չհամարձակվեց ազատության մասին երազել...

Ախ, դուք խելո՜ք, խելո՜ք աքաղաղներ...


ՊԱՅՏԱՐԻ ՀՈԳԻՆ

Հիսուսն էշի վրա նստած Երուսաղեմ էր իջնում:

Հանդեսը փառավոր էր, բայց էշը կաղում էր: Պատճառն այն էր, որ խեղճ անասունը քարոտ տեղերից անցնելու ժամանակ` մի պայտը կորցրել էր:

Եվ ժողովուրդը պատմում է, թե Հիսուսը բավական շփոթված էր, տեսնելով, որ գրաստը գայթելով ու կաղալով էր գնում, տեղ-տեղ էլ սպառնում էր նրան ցած նետելու:

Բայց հանկարծ, որտեղից որ էր, ժողովրդի միջից դուրս թռավ մի պայտար, կանգնեցրեց Հիսուսին, կռացավ արագությամբ, բարձրացրեց