Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/143

Այս էջը հաստատված է

ինչպե՞ս ես համարձակվում հոգիդ ամուր բռնել և հոգևոր հրեշտակին խաբել... Դեհ, այժմ հրաման է աստծուց, որ այդ խորամանկ հոգիդ մեր ձեռքը հանձնես... Տղերք,— դարձավ նա իր հետևորդներին,— հեռու կացեք այդ աթոռից և տեսնենք ինչպե՜ս սա իր հոգին չի տալ:

Այդ ճառից հետո սև ոգիները խրճիթ լցվեցին, պայտարին շրջապատեցին, ճիչ ու աղմուկով ականջ խլացրին և հոգին պահանջեցին:

Պայտարը թեև սկզբում շատ վախեցավ, բայց երբ դևերի ճիչն երկար տևեց, սրտապինդ դարձավ և գոչեց.

— Փոքր-ինչ ցա՛ծ խոսեցեք, պարո՛ն դևեր, ականջս խլացավ... ի՞նչ է ձեր ասածը, հոգի՞ս եք ուզում: Շատ լավ, խոսք չունիմ. սակայն դուք ինչո՞վ կարող եք հաստատել, որ աստծուց եք ուղարկված և ոչ թե ինքնագլուխ եկողներ եք:

— Սրա՛ն նայեցեք,— աղաղակեց մեկը,— համարձակվում է կասկածել. ուզում է մե՛զ էլ խաբած լինել:

— Բոլորովին ոչ,— ասաց պայտարը,— եթե դուք հաստատեք, որ աստված է ձեզ ուղարկել, համեցեք, հոգիս ձեզ տամ:

— Ինչպե՞ս հաստատենք, անմի՛տ,— հարցրեց խմբապետը,— գնանք վկայակա՞ն բերենք քեզ:

— Բայց ո՛չ, շատ հեշտությամբ կարող եք հաստատել: Ես մի տոպրակ ունիմ, ահա, տեսե՛ք. եթե բոլորդ կարողացաք այնքան փոքրանալ, որ առանց ձեռք, ոտք կամ գլուխ դուրս թողնելու տեղավորվեք նրա մեջ, դա ինձ համար ապացույց կլինի, որ աստված է ձեզ ուղարկել, ապա թե ոչ` կորեք գնացեք և աստծու անունը թող ոչնչացնե ձեզ...

Ասաց, ձեռքերը մեջքին դրավ և հպարտ սպասեց:

— Տղե՛րք, սա տխմար է,— ճչաց խմբապետը,— ինչ կա դյուրին մեզ համար, քան փոքրանալը: Մենք չե՞նք միթե, որ տասնյակներով տեղավորվում ենք մարդկանց սրտերի մեջ և ապրում այնտեղ... Դե՛հ, եկեք այս տխմարին ցույց տանք մեր ուժը...

Ու մտավ տոպրակը: Մյուսներն էլ` ետևից: Այլևս ո՛չ մի ձեռք, ոտք կամ գյուխ դուրս չմնաց:

— Հը, տեսա՞ր,— ձայնեց ներսից խմբապետը:

— Տեսա,— քրքջաց պայտարը: Հետո մեծ մուրճն առավ և փառավոր կերպով սկսեց ջարդել նրանց կողերը:

Դևերը ճչացին, ճիգ գործեցին դուրս թռնելու տոպրակից, բայց իզո՛ւր. բռնված էին և լա՛վ բռնված:

Աղաչեցին, լացին, հառաչեցին և խնդրեցին, բայց պայտարը այնքա՛ն ծեծեց նրանց, մինչև որ թևեըր թուլացան.

— Թո՛ղ մեզ,— գոչում էին դևերը,— թո՛ղ գնանք, հոգիդ քեզ մնա,