Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/147

Այս էջը հաստատված է

կոթին, երբ տեսնում է նրան շրջապատող այդ կատաղի դեմքերով ենիչերները, կարծես լսում է աղայի հրամանը «վուրուն…» (զարկեք) և ենիչերիների ականջ խլացնող աղաղակը… սոսկում է և վախենում, կարծելով թե ահա նրանցից մեկը զվարճության համար իր դաշույնի սուր լինելը կփորձե իր վերա…

Այդպես էին ենիչերիները. ժողովուրդը նրանց վրա, նրանց բարբարոսական կյանքից բազմաթիվ մանր և սոսկալի պատմություններ է պատմում, և պատմությունը լավ նկարագրում է, թե նրանք ինչպես օրը ցերեկով և Կ. Պոլսի փողոցների մեջ կողոպտում, անպատվում ու սպանում էին։

Գավառների մեջ անգամ, շատ տաճիկներ օրինակ առնելով ենիչերիներից, որոնց երբեք չէին տեսել, մի-մի լայն գոտի էին կապում մեջքից, մի քանի զենք էին առնում, գլխին փաթաթում էին ծվեններից ենիչերական փաթոթը, ձեռքին մի գավազան, գիշերները դուրս էին գալիս փողոցը, ահագին աղաղակներ արձակելով դռներ էին փշրում, կողոպտում էին, առևանգում, սպանում և անպատիժ մնում։

Այդպիսիներն էլ կոչվում էին ենիչերի։

Բ

1860 թվականներում, երբ Կ. Պոլսի ենիչերիներից արդեն մի հատ անգամ չէր մնացել և սակայն գավառական ենիչերիները դեռևս շարունակում էին դռներ փշրել և կողոպտել համարձակությամբ տները և առևանգել հայ աղջիկներին՝ էրզրումի, Կարսի դռան կողմերում, այժմյան քաղաքի միջի մեծ զինվորանոցի փողոցներից մեկում կար մի խոր և մեծ տուն։

Այս տունը պատկանում էր էրզրումի նշանավոր հարուստ Գրիգոր աղային, որը մի շաբաթ առաջ մեռնելով, թողել էր իր բոլոր ունեցածը իրան երկու որդոց, Սեդրակին և Խաչատուրին։

Սեդրակը և Խաչատուրը կամ ավելի ճիշտ է ասելը՝ Խաչատուրը և Սեդրակը, երկուսն էլ ամուսնացած էին, միայն թե Խաչատուրը, որը մեծն էր, արդեն հինգ տարի էր, որ ամուսնացել էր և մի սիրուն որդի էլ ուներ, իսկ Սեդրակի ամուսնությունը դեռևս երեք ամիս էր և նա ուներ կին, էրզրումի գեղեցկուհիներից մեկը։

Տան մեջ այնչափ խաղաղ էին ապրում հարսները իրանց սկեսուրի հետ, և այդ սկեսուրը իր որդիներով այնչափ աղքատասեր, բարեսիրտ հարուստներ էին, որ ամբողջ թաղեցիք սիրում և հարգում էին նրանց, բոլոր ծխատեր քահանաները նախանձում էին տեր Մարտիրոսին, որը