Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/155

Այս էջը հաստատված է

-Սաղմոս կարդացե՞լ ես։

-Ամբողջ գիշերը…

-Շատ լավ… Հըմ, եթե կուզես…— և նա դեմքը ծռմռեց,— ինձ կըներե՞ս, որ տուն երթամ և հաց ուտեմ գամ… շուտ կգամ, դու աղոթիր…

-Շատ լավ,– ասեց մեղմությամբ Խաչատուր աղան և գնաց սեղանի առջև, չոքեց այնտեղ և գլուխը ձեռքերի մեջ առավ։

Տեր-Մարտիրոսը շտապով մեկնեցավ։

-Ինչո՞ւ չշտապի,— ասեք տեր-Պետրոսը ցած ձայնով մյուսներին,- այնպիսի ծուխ է, որ եթե բոլորին ծախե, սա միայն իրան կապրեցնե:

Եվ քահանաները ցրվեցին։

Եկեղեցու մեջ մնաց միայն Խաչատուր աղան, որը գլուխը միշտ ձեռքերի մեջ առած, անշարժ, գլուխը խոնարհեցրած, աղոթում էր, և նրա թափած արցունքի կաթիլները մատների միջից գլորվում էին սեղանի աոջևի պաղ քարերի վրա… Ի՞նչ աներ խեղճ մարդը, որ աղոթելու և արտասվելու պետք էր զգում՝ եկել չոքել աստուծո առջև, կատարում էր իր խոստովանությունը… Ամբողջ կես ժամ նա այդ դրության մեջ մնաց և միայն իր արտասվաթաթախ երեսը այն ժամանակ բարձրացրեց, երբ քահանան հաց ուտելուց վերադառնալով, մոտեցել էր նրան և ասում էր.

-Ելիր, Խաչատուր աղա, գնանք խոստովանեցնեմ։

Եկեղեցու մի սնի տակ նստեց քահանան, Խաչատուրը չոքեց նրա առջև, կարդաց «մեղան» և մի խոր հառաչանք արձակեց, երբ քահանան ասեց.

-Որդի գործած մեղքերդ ասա…

Խաչատուրը դողդոջուն ձայնով ասեց մի քանի մեղքեր և հանկարծ կանգ առավ։

-էլ չկա՞… — հարցրեց քահանան։

-Ո՛չ,– ասեց Խաչատուրը հազիվ լսելի ձայնով։

-Ուրեմն արձակում տամ,— և նա ձեոները պարզեց…

Հանկարծ Խաչատուրը մի շարժում գործեց, ուզեց խոսելու չկարողացավ, ուստի ուժգնությամբ բռնեց քահանայի ձեռքերը։

Քահանան ակամա մի ճիչ արձակեց. Խաչատուրը մեռյալի պես գունաթափ, դողդողում էր և քիչ էր մնում ցած ընկներ.

-Տեր-հայր… - գոչեր նա վերջապես մի բուռն ճիգ գործելով։

-Հիվա՞նդ ես, որդի…

-Ո՛չ, ո՛չ,— ընդհատեց Խաչատուրը դեռևս մի բան պիտի խոստովանեմ