Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/160

Այս էջը հաստատված է

են… մինչդեռ խեղճ հիմարներս չգիտենք, որ մեր ենիչերիներն ավելի սոսկալի են. եթե ենիչերին պիտի անպատվեր իմ հարսին զոռով, այժմ մեր ենիչերիի շնորհիվ հարսս պիտի գնա իր պատիվը ծախելու իր կամքով… հա՜, հա՜, հա՜… ապրելու համար, որովհետև Գրիգոր աղայի որդիները այլևս օրվա հացի կարոտ են և եթե չեն մուրում, դրա պատճառը դեռևս մեզ մնացող ամոթն է, որին ոչ ոք կարող է խլել մեզնից…

Սրբազանը շփոթվել էր. չգիտեր ինչ ասեր. շարժվեցավ տեղից և կմկմալով ասեց.

— Որդի, ասածներիցդ ոչինչ չեմ հասկանում… պարզ խոսիր, եղածը պատմիր ինձ, ցավերդ ասա ինձ…

ծերունին լռեց, պահ մի առաջնորդին նայեց, սրբեց արտասուքը, ստացավ մի հուսահատ լրջություն և ասեց.

— Ուզում ես իմանալ, սրբազան… շատ լավ, ուրեմն լսիր…

Մեր տուն մտավ մի օր մի թուրք ենիչերի, կերավ, խմեց, հետո եղբորս կնոջն ուզեց… եղբայրս էլ չդիմացավ իր կնոջ ճիչերին, զարկավ, սպանեց ենիչերիին և ինքն էլ խենթեցավ… այս է բոլորը… սրբազան, մի մարդ սպանվեց մեր տան մեջ, մի խեղճ, շատ խեղճ ենիչերի… այս է թուրք ենիչերիի պատմությունը… Այժմ լսիր, ես քեզ կպատմեմ մի ուրիշ ավելի սոսկալի, ավելի կատաղի արարածի մասին, որ մի հայ է, սրբազան, մի քահանա է, սրբազան, մի քահանա, լսո՞ւմ ես, մի քահանա։

Եվ նա այնպես որոտում էր կատաղությամբ, որ նրա աչքերը կարծես պատրաստ էին դուրս թռչելու ակնակապիչներից. նրա քամակն ուղղվել էր, նրա գունաթափ դեմքը կապտել և նրա շրթունքները ամառային տերևի պես դողդողում էին…

Սրբազանը վախենում էր, բայց զսպեց իրեն։

- Այո՛, մի քահանա,- մռնչեց ծերունին,- որը լսեց իմ խոստովանությունը, սրբազան, և օգուտ քաղելով դրանից, կողոպտեց ինձ ոտից մինչև գլուխ…։ Խաչատուր աղայից շինեց ինձ մուրացկան Խաչատուր և ստիպեց իմ հարսներին, իմ մորը այսօր տան մեջ անոթի անցկացնել… էգուց հարսներս պոռնկության կերթան և մայրս՝ գերեզման… խե՜ղճ ենիչերի, ի՞նչ էիր դու տեր-Մարտիրոսի առջև… թող գայիր և նրանից սովորեիր ենիչերություն…

Հանկարծ լռեց, ոտքի ելավ, առավ իր գավազանը, պահ մի շարունակեց.

- Սրբազան, պատմությունս իմացա՞ր… ահա ասում եմ քեզ, որ<