Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/163

Այս էջը հաստատված է

վազեվազ դեպի գերեզմանատուն տարան, ուր քահանան մի քանի աղոթք կարդաց նրա վրա, և խենթերը իրենք խենթական երգերը երգելով, հողով ծածկեցին նրան…։

1889 թ․

ՇԱՀՆԱ

Ա

Բացի զինվորական, հողային, կալվածական, անասնական և այլ բոլոր տուրքերը առնվելուց՝ Թուրքահայաստանում, օսմանյան կառավարությունը առնում է նաև տուրք խոտից, ցորենից և առհասարակ բոլոր այն արմտիքներից և բանջարեղենից, որոնց արտադրում կամ ժողովում է հայ գյուղացին։

Դրա համար կառավարությունը չունի հատուկ պաշտոնյաներ. մի խումբ որոշյալ գյուղերի տասանորդը աճուրդով նա ծախում է տաճիկ կամ հայ աղաների, որոնք առանց մոռանալու, որ իրենց ապրեցնողը այդ գործն է, օրենքին ականջ չեն դնում, կամայական տասանորդներ, քսանորդներ և շատ անգամ երեսնորդներ են նշանակում բերքի վրա, հունձերի ժամանակ գյուղերն են լցվում և ցորենի բեռներ ու խոտերի դեզեր են սարքում, որը հետո զուտ ոսկիի են փոխում և կազմում են իրենց վաշխառուական ապագա արհեստի սկզբնական դրամագլուխը…

Այդ տեսակ տասանորդահավաքները կոչվում են «շահնա»։

Շահնաներից շատերը՝ գնելով տերությունից այդ տուրքերը, իրենք ավելի թանկ գնով ծախում են մի ուրիշի, այդ ուրիշն էլ մի ուրիշի և այդպիսով գյուղացիների տուրքերից օգտվում են շատ շատերը, որոնց համար տերությունն իսկապես պետք է մի հրապարակ շիներ, այնտեղ կախաղաններ տնկեր և կախել տար նրանց, հրապարակին էլ «շահնայական հրապարակ անունը տար, այնպես, ինչպես որ հայ գյուղացիք շահնայական ոայեաներ (հպատակներ) են անվանվում…

Շահնայական առևտրով զբաղվում են նահանգական քաղաքի մեջ բնակվող մի քանի որոշյալ աղաներ։ Գնում են, ծախում, աճուրդի դնում իրենց գնած իրավունքները և դրանից կազմում են փառավոր գումարներ, որոնց շնորհիվ նրանք օրը մինչև երեկո թափառում են սրճատներում և փողոցներում առանց մի գործի, առանց մի աշխատության…

Ով որ մտել է Թուրքահայկական մի որևիցե քաղաք, նա անշուշտ