Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/164

Այս էջը հաստատված է

հանդիպած կլինի բազմաթիվ թուրք աղաների, որոնք սրճատնից սրճատուն են ման գալիս և ծխելով, խաղալով, զբոսնելով են անցկացնում իրենց օրերը։ Չիմացողին զարմանք է պատճառում այդ անգործ աղաների խումբը. Հարց է ծնում, թե ինչո՞վ են ապրում նրանք, ինչո՞վ են կարողանում այդպիսի շքեղ պալատներ, կնիկներով լիքը հարեմներ, համադամներով լիքը սեղան ունենալ, ինչո՞վ են նրանք կարողանում անդադար ապրել, գնչու կանանց հրավիրել պարելու, խնջույքներ տալ, ձիեր ու կառքեր ունենալ, շքեղ կյանք վարել և, սակայն, տարվա մեջ ամեն օր միշտ անգործ և անաշխատ զբոսնել…

Բայց գիտցողը իսկույն իմանում է, որ դրանք սկզբնական–ուղղակի կառավարության հետ հարաբերության մեջ մտնող շահնաներ են, որոնցից գնում են երկրորդական շահնաները — գյուղացի աղաները և ծախում են երրորդականներին — գավառի արյուն ծծող վաշխառուներին և անդադար գյուղից գյուղ վազող արյունկզակ տաճիկներին և հայերին…

Նահանգական քաղաքների շրջականերում գտնվող գյուղերի շահնայությունը ունի յուր դժվարությունները։ Պետք է գիտենալ շողոքորթել, ժպտելով ու ժպտեցնելով կողոպտել, խորամանկությամբ գործը սկսելով մեկին տասը առնել, գանգատելու արգելք լինել և ըստ ժամանակին կարողանալ սկզբնական շահնաներին կաշառել, որպեսզի ըմբոստ գյուղացոց գանգատները (որը շատ հազիվ է լինում) չհասնեն Բարձրագույն Դռան…

Հենց դրա համար է, որ քաղաքներին մոտ գտնվող գյուղերի շահնայությունը գտնվում է միայն մի քանի հայտնի անձանց ձեռքում, ոչ ոք չէ համարձակվում խլել նրանց ձեռքից այդ առևտուրը, եթե չէ կամենամ յուր ամբողջ ունեցածը կորցնել։

Իսկ քաղաքից միայն 20 ժամ հեռու գտնվող գյուղերի շահնայությունը կարող է ունենալ ամեն անձ, եթե ունի փոքր-ինչ փող և ընդունակություն լզելու սկզբնական շահնաների ոտքերը։ Մի անգամ այդ գործը ձեռք ձգելուց հետո այդ տեսակ շահնան կարող է անել այն բոլորը, ինչ որ կթելադրի իրեն իր խելքը… Կողոպտել, եռապատկել տուրքերը… ընծաներ առնել, տուրքերը ժողովելու պատճառանոք անդադար գյուղերը մտնել խմբերով, խնջույքներ սարքել նրա հովասուն ծառերի տակ, գյուղացոց կանանց յուր կրքերին ծառայեցնել և ապա ծիծաղել գյուղացոց արած անօգուտ գանգատների և բողոքների վրա…

Հայ գյուղացին շատ լավ է ճանաչում այդպիսի շահնաների, գիտե որ անօգուտ գանգատը շահնայի կատաղությունը և թշնամությունը գրգռելու միայն ընդունակ են, գիտե, որ յուր ձայնը ոչ միայն փաշային և Բարձրագույն Դռան, այլև տուրքերի մի հասարակ պաշտոնեի ականջին