Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/165

Այս էջը հաստատված է

անգամ չի հասնի, գիտե, որ դատապարտված է կողոպտվելու, անպատվվելու, ունեցածը տալու…

Եվ նա ստիպված է շահնայի ոտքերի տակ սողալ, յուր ամոթխած կնոջը նրա առջևը պարել տալ, նրա հետ գյուղը թափած տաճիկ պարապորդների և պոռնիկների առջև գլուխ ծռել ու կերակրել… Ստիպված է համբերել, երբ շահնան յուր կամեցած տուրքը նշանակում-առնում է, նրա տան մեջ ուտում-խմում, օրերով մնում է և ընծաներ առնելուց հետո մի կեղտոտ հայհոյանքով և նրա խեղճ դրության վրա ծիծաղելով է վարձատրում… զվարճանում է նրա չարչարանքներով, գոհացնում է յուր հետի պոռնիկներին և բեռներ կապած՝ հեռանում է գյուղից…

Հայ գյուղացին կրում է այս բոլորը, որը դեռևս կազմում է իրեն հասնող բազմազան թշվառությունների միայն մի մասը…

Այդպիսի շահնաներից էր նաև Հյուսեյն էֆենդին, որ յուր ձեռքի տակն ուներ ամբողջ Խնուս գավառի հայաբնակ քաղքիկ, Աղջամելիք, մարուֆ, Բուռնազ և Յահյա գյուղերի տասանորդները թե՛ արմտիքից և թե՛ «կորնգեան» կոչվող խոտից։

Հյուսեյն էֆենդին բնակվում էր Խնուսի մեջ։


Բ

Բերդաքաղաքի միջից անցնող Արածանի գետափին էր գտնվում Հյուսեյն էֆենդիի երկհարկ բնակարանը։

Գայմագամն անգամ բարեկամ էր նրա հետ, որովհետև Հյուսեյն էֆենդին Կարինի նշանավոր շահնա Մահմուդ աղայի պաշտպանյալն էր. Մահմուդ աղան էլ՝ Մուստաֆա փաշայինը և սա էլ՝ եպարքոս Սայիդ փաշայի։

Հյուսեյն էֆենդին ևս սիրում էր գայմագամին, որովհետև երկուսն էլ երիտասարդներ էին և համարյա թե ամեն երեկո տների մեջ մեծամեծ խնջույքներ էին սարքում ի ձայն գնչու կանանց «սրնգի և թմբկի»… ամեն երեկո գավառի միջից իրենց մոտ պարել տալու էին հավաքում թուրք պոռնիկներին, միասին էին առևանգում մի որևիցե հայ աղջիկ և Հյուսեյն էֆենդին շատ անգամ ինքը գայմագամին շաբաթական քեֆերի տեղ և առիթ էր մատակարարում հայ գյուղերի մեջ։

Դեռ քսանևհինգ տարեկան էր. բավական առողջ կազմվածքով, սպիտակ դեմքով, սև խոժոռ աչքերով և ավելի հայկական, քան թե թրքական մի խոշոր քթով։ Հագնում էր երկնագույն մահուդից մի լայն շալվար, մեջքին ուներ փաթաթած թիրմայի շալից մի լայն գոտի ևս, որի մեջ ցցված ուներ արծաթյա կոթով կեռ դաշույնը․ գոտիից վեր փողփողում է