Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/167

Այս էջը հաստատված է

― Պատրա՞ստ է։

― Դրսումը սպասում է ձերդ բարձրության (ղաթը ալինիզե)։

էֆենդին շարժեց սանձը, դուրս եկավ բակից, ընկերացավ դռան մատ սպասող մի սևադեմ զինյալ ծառայի և արշավակի մեկնելով գոչեց․

― Մուստաֆա չավո՛ւշ։

― Հրամայիր, էֆենդի։

― Յահյա գյուղի ճանապարհը գիտե՞ս։

― Գիտեմ, էֆենդի,— պատասխանեց չավուշը, որը իր ձին մոտեցրել, տիրոջը ետևից արշավում էր, պահելով մի պատկառելի հեռավորություն։

― Գիտե՞ս ինչ կա, Մուստաֆա չավուշ,— ասաց էֆենդին առանց գլուխը դարձնելու և շարունակելով արշավել,— էրզրումից մի քանի լավ բարեկամներս ինձ մոտ հյուր են գալիս․ պիտի նրանց համար լավ քեֆ և քեֆի տեղ պատրաստել։

― Հրամանք ես, էֆենդի։

― Լա՛վ… ի՞նչ ես կարծում, Յահյա գյուղը հարմար չէ՞։

― Այգ 28 տնով գյո՞ւղը։

― Այո՛, քեհյայի պարտեզի մեջ, եկեղեցու կողքին։

― Հը՛մ… հյուրերդ չձանձրանան։

― Ինչո՞ւ կձանձրանան, օղին և գինին շատ կլինի, գնչու կանայք էլ դու կպատրաստես, հասկացա՞ր։

― Հրամանք ես, էֆենդի։

― Ածողներ պետք չեն, բարեկամներս իրենք բերում են, իսկ դու չմոռանաս քաղաքից բերել ամեն պարագաները։

― Հաց և մի՞ս էլ։

― Հիմար ես, չավո՚ւշ,— ծիծաղեց էֆենդին,— 28 տուն չէ՞ կարող մի քանի հոգու համար մի շաբաթ հաց և միս մատակարարել։

― Իրավունք ունիս, էֆենդի, ես հիմար եմ…

էֆենդին լռությամբ պահ մի ևս արշավեց և ապա նորեն խոսեց.

― Մուստաֆա չավո՛ւշ։

― Հրամայիր, էֆենդի։

― Գիտե՞ս, որ կալերի ժամանակն է։

― Գիտեմ, էֆենդի։

― Ուրեմն Ալիին, Օմարին, Ֆերրաջին և Հասանին գյուղերը կուղարկես, որ հսկեն գյուղացոց վրա… Շատ անհավատ (քաֆիր) են այդ հայերը, եթե հսկող չլինի, ցորենի կեսը կգողանան…

― ճիշտ է, էֆենդի։

― Կասես նրանց, որ շատ աղմուկ չհանեն, իսկ դու մի քանի, ուրիշ