Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/169

Այս էջը հաստատված է

ասում են, բավական փող է շահում այդ ծերունին… այժմ Խնուս են…

― Ա՛յ լավ բան, ― ծիծաղեց էֆենդին,— անպատճառ այդ ծերունին հայ է։

― Հրամանք ես, էֆենդի։

― Գիտեի,– ժպտեց էֆենդին,– մյուսուլմանը այդպես բան չի անի։ Գյավուրները միայն գիտեն այդպիսի բաներով առևտուր անել… չմոռանաս այդ Ալմաստին, բայց ծերունին թող աչքիս չերևա…

― Անհոգ կաց, էֆենդի… իսկ պզտիկ աղջի՞կը։

― Շա՞տ փոքր է։

― Ինը տարեկան է։

― Է՛հ, դեռ փոքր է, մի երկու տարուց հետո…

Պահ մի լռությամբ արշավեցին։ Չավուշը ետ քաշվել ծխում էր, իսկ էֆենդին յուր երկու կողքում փռվող արտերն էր դիտում։

Գ

Խնուս գավառի հարավային մասի կարևոր գյուղերից մեկն էր Քաղքիկ գյուղը, շինված ապառաժների միջավայրում— բնության վայրենությունների մեջտեղը, կողքին ունենալով Ս. Դանիել գետակը, որը ոռոգում էր Ախրըզեման դրախտանման ընդարձակ մարգագետինը, բարեբեր դաշտերը և հաճախ հորդելով, շատ անգամ լրացնում է շահնաների կատարած անգթությունները՝ սրբելով և յուր հետը տանելով կալերի կեսը․․․

Բայց դաշտերը այնչափ ընդարձակ, այնչափ արգավանդ են, Որ գյուղացիք շատ տարի չգիտեին ինչ անել իրենց ցորենը… Տալիս էին շահնային տասնապատիկ, մի կողմ էին դնում իրենց ձմեռվա պաշարը, աշնանային և գարնանային սերմացուն, իսկ մնացյալը բեռներ կազմած՝ քաղաք էին իջեցնում ծախելու, տալիս էին տուրքերը, տալիս էին մասնավոր պարտքերը… Ունենում էին նրանք այդչափ բերք, մանավանդ այդ տարին, որովհետև մինչև իրենց սահմանն այլևս մի թիզ անմշակ չէին թողել— մինչև իսկ ցանել էին Ախրըզեման մարգագետնի մի մասը, պոկելով այնտեղի այլազան անուշահոտ ծաղիկները և աչք առնելով կրելու Հյուսեյն էֆենդիի հայհոյանքները, որովհետև այդ էֆենդին սիրում էր մարգագետինը, նրա միջի ծաղիկների հոտը և համարյա սեփականացրել էր նրա միջից արտադրված խոտը և բանջարները…

Այս տարի քաղքիկցիք ունեցան շատ առատ բերք. հնձեցին, կալսեցին, ցորենը դիզեցին, հարդը ժողովեցին և ուրախությամբ սպասում