Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/17

Այս էջը հաստատված է

— Ո՞վ ես դու և ի՞նչ իրավունքով ես մտել իմ հողերի մեջ։

Մանուկը ոչինչ չհասկացավ, բայց հուզվեց։ Մարդկային ձայնը, չնայելով, որ դուր չեկավ, սրտին խփեց։ Չ՞է որ իր եղբայրն էր իրեն խոսք ուղղում։ Փորձեց խոսել, ճիգ գործեց և կոկորդից միայն խուլ, ընդհատ ճիչեր ու ոռնոցներ արտադրեց։

— Համր է,— վճռեց աղան։

— Համր է,— արձագանք տվին բանվորները։

Զգաց մանուկը, որ իրեն չհասկացան, որ ինքը նրանց պես խոսել չէր կարողանում։ Հասկացավ, որ օտարացել էր նրանց համար, և որ իրենից վախենում էին իր նմանները, Ըմբռնեց այդ, սիրտը սեղմվեց, և արտասուք իջան արյունով լի աչքերից։

Աղան հասկացավ, որ վայրենին խեղճ, համր մի արարած պիտի լիներ, ո՞վ գիտե, որ կողմից եկած, ինչ արկածների ենթարկված։

Եվ ուշադրությամբ զննելուց հետո նրա կազմվածքն ու մկանունքները, մտածեց. «Ուժեղ է. լավ բանվոր կարող է լինել և քիչով էլ գոհ կլինի. երեք մարդու գործ կարող է կատարել»։

Հետո հրամայեց գործավորներին՝ տանել նրան կալված ու կերակրել։

Այդպես էր, որ մանուկն ընկավ իր նմանների մեջ։ Ուրախ էր, խիստ ուրախ։ Տեսավ նորից տուն ու այգի, կրակ ու ծուխ, որոնց նա երազի պես էր հիշում. տեսավ, թե ինչպես էին ապրում մարդիկ և ինքն էլ աշխատեց «մարդ» դառնալ։

Մյուս օրը տարան նրան արտ և ձեռքը տվին բահն ու բրիչը։ Չգիտեր ինչ էին ուզում անել տալ իրեն։ Սովորեցրին, որ պետք էր գործել, բահ զարնել, հողը հերկել, վարել, բուսցնել և նրա արդյունքովը լցնել աղայի մեծ ամբարները։

Սկսեց աշխատել ուրիշ երեք բանվորների հետ։ Դեռ ոչինչ չէր հասկանամ։ Ուրախ էր, որ իր նմանների մեջն էր։ Անում էր, ինչ ուզում էին, ուտում էր, ինչ տալիս էին, իսկ եթե տվածովը չէր կշտանում, գիշերները դուրս էր գնում, որս գտնում և անոթությունը հագեցնում։

Դեռ չգիտեին նրա որսերի մասին. աղան չէր իմացել, ուստի և մանուկը կարողանում էր ստամոքսին գոհացում տալ։


7

Ապրեց նա այդպես բավական ժամանակ։ Մոռացավ հետզհետե Սարհոնին ու Զեբին, Սիդին ու Սամին, քարայրն ու անտառը, մոռացավ ազատ օդն ու կյանքը։ Աշխատում, գործում էր մինչև երեկո։ Սկսեց քիչ–քիչ խոսել մարդկանց պես և որովհետև ոչ մի տեղ չէր գնում, համոզվեց,