պագշոտ արբեցության մեջ. պոլսեցի էֆենդին տաքացած՝ «շարքի»-ներ էր երգում յուր սիրամարգի ձայնով, քանոնչի Հաջին «մելախանե» եղանակով և իր զիլ ձայնով պարտեզի պատերի մոտն էր հավաքում գյուղացիներին, որոնք պատկառանքով և գաղտագողի զվարճանում էին աղաների այդ շքեղ քեֆովը… և որովհետև երեկոյան ժամերգության ժամանակն էր, գյուղական քահանան աշխատում էր ավելի շատ ցած ձայնով իր երգեցողությունը կատարելու աղոթատեղիի մեջ, որպեսզի մյուսուլմանների քեֆը խառնել չկարողանա «գյավուրական աղոթքներով»…
Ինքը— պարտիզի տերը, աղաների բարեհաճ կամքով, եկել նստել էր վրանի բաց դռան առջև ծնկների վրա, գյուղացիների տները դատարկում էր՝ կարագ, սեր, մեղր և այլն բերելով, պարտիզի դրսում գյուղացիներից մեկը մի ոչխար մորթել, խորովածի շիշերն էր դարձնում կրակի վրա, մի այլ կողմում գյուղացի կանայք փլավ էին եփում, իսկ խրճիթի կտուրների վրայից կամ պարտիզի ցած պատերից մյուս գյուղացիք աշխատում էին տեսնելով գոնե մասնակցել այդ քեֆին, որ ահա մի շաբաթ էր, որ սկսվել էր և անընդհատ շարունակվում էր։
Շուտով մի քանի գյուղացիք գետնի վրա— ծառերի տակ փռեցին կարպետներ, դրին ափսեներ և ընթրիքի պատրաստություն տեսան ըստ հրամանի Հյուսեյն էֆենդիին…
Պարը դադարեց, կանայք տեղ բռնեցին հյուրերի կողքին, Ալմաստը Մահմուդ աղայի մոտ, Հյուսեյն էֆենդին հրամայեց քեհյային, որ գյուղացիներով մի պար կազմե իրենց ախորժակը բանալու համար։
Շուտով քեհյան մի խումբ գյուղացիների լեցրեց պարտիզի մեջ. Աղաբաբը գիտեր գյուղական պարերգներ ածել, շրջանը կազմվեց, և աղաները պարը դիտելով սկսեցին ուտել։
Նախ մաստիկայի գավաթները հինգ-վեց անգամ պտտեցին սեղանի շուրջը. կլանվեց մի քանի շիշ խորոված, որից հետո Մահմուդ աղան ժպտելով ասաց Հյուսեյն էֆենդիին.
— Չեմ մոռանա այս քեֆը… ամեն ինչ կատարյալ է այստեղ…
— Էլ ուրիշ ինչ որ հրամայեք, կկատարվի,— ասաց Հյուսեյն էֆենդին խոնարհաբար,— միայն թե դուք միշտ գոհ լինիք։
— Շատ գոհ եմ… տեսնում ես, որ ավելի քեֆից, քան թե գինուց արբել եմ… բայց,– ավելացրեց նա դեմքը թթվեցնելով,— այս կանայք այլևս զզվելի եղան…
— Եթե կհրամայեք, ուղարկեմ քաղաքից նորերը բերելու։
– Ո՛չ, ո՛չ…– ասաց Մահմուդ աղան և այնպես մի ակնարկով նրան նայեց, այնպես խորհրդավոր մի ժպիտ ցույց տվեց, որ Հյուսեյն էֆենդին ամեն ինչ հասկացավ, ինքն էլ ժպտեց, բայց փոքր-ինչ մտածեց և՝