— Ձայնդ, գյավո'ւր… սուտ ես ասում, ինչո՞ւ ձեր եկեղեցու մեջ այն մեծ շորը վրադ ձգած պար ես գալիս միշտ… դե՛հ, շո՛ւտ, պարի՛ր, ապա թե ոչ, մորուքդ ածիլել կտամ…
— Պարի՛ր, պարի՛ր, քահանա՛,— ծիծաղեց Հյուսեյն էֆենդին,— պարիր, որ փող ստանաս։
— Էֆե՛նդի, գլխիդ ղուրբան,— գոչեց քահանան, ես պար գալ չեմ իմանում…
Պոլսեցի էֆենդու համբերությունը հատավ, նա բռնեց քահանայի մորուքից, ոտքի կանգնեցրեց, հետո «ա՛յ, ա՛յսպես» գոչելով սկսեց կատաղի շրջաններ գործել տալ նրան և երբ խեղճ ծերունին ուժասպառ գետինն էր ընկնում, էֆենդիի ձեռքում թողնելով յուր մորուքի մազերից մի մեծ փունջ.
— Տեսա՞ր… — գոչեց էֆենդին մի ճիչ արձակելով դեպի նա,— այդպես կպարեն, ախմախ… դե՛հ, վեր կաց, այս գավաթը դատարկիր և կորսվիր այստեղից…
Եվ այս ասելով, տվեց նրան մի գավաթ մաստիկա…
Դ
Հյուսեյն էֆենդիի խնջույքը, որը տևեց ամբողջ տասն օր, վերջացավ։ Քանոնչի Հաջին, քլարինեթ ածող Աղաբաբը, որոնք երկուսն էլ հայեր էին, լավ ընծաներ ստանալով՝ էրզրում մեկնեցան, Մահմուդ աղան մեծամեծ խոստումներ անելով Հյուսեյն էֆենդիին, չնայելով յահյացոց գործած աղմուկին, գյուղը թողեց իրեն մի գիշեր զվարճացնող «գյավուր աղջիկը» և հեռացավ, խոստանալով մյուս տարի նորից գալ այդ կողմերը։
Հյուսեյն էֆենդին շատ ուրախ տրամադրության մեջ էր գտնվում, սակայն մի քանի օր հանգիստ առավ և ապա թե մտածեց Քաղքիկ գնալ՝ տասանորդները հավաքելու։
Դեզերը կնքելուց ուղիղ մի ամիս հետո Հյուսեյն էֆենդին յուր Մուստաֆա չավուշի հետ Քաղքիկ մտավ։
Անձրևային եղանակները սկսվել էին, և գյուղացիք, որոնք արդեն սկսել էին տխրել և վախենալ, թե ահա Խնուսի սովորական հեղեղման անձրևները և գյուղի կողքի ս.Դանիել գետակը ամեն ինչ մի քանի ժամվա մեջ կոչնչացնեն, քիչ հույս առան, երբ շահնան եկավ։ Իրար անցան, քեհյայի սենյակը պատրաստեցին և ուրախանում էին, որ շուտով պիտի կարողանային իրենց բերքը կալերից վերցնել։
Հյուսեյն ֆենդին քեհյային հրամայեց, որ սայլերը և ձի կամ եզ պատրաստեն. հետո չափեց, մի կողմ դարսել տվավ յուր մասը և ամբողջ գյուղի