Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/174

Այս էջը հաստատված է

մեջ որքան սայլ, ձի, եզ կամ էշ կար՝ բեռնելով, իր չավուշի հետ քաղաք ուղարկեց։

Գյուղացիք սպասում էին, որպեսզի իրենց սայլերը և տավարները վերադառնան, ուստի և իսկույն իրենց տոպրակների ծակերը կարեցին և գիշերը հանգիստ քնեցին։ Մյուս առավոտ տոպրակները կլցնեին ցորենով։

Կես֊գիշեր էր արդեն, երբ հանկարծ մի աղմուկ բարձրացավ գյուղում. ամենքը դուրս թափվեցին․ լաց, կոծ տիրեց ամեն կողմ, գյուղացիք իրենց կորցրել էին։

Երկինքը սև ամպերով ծածկվել, որոտում էր, անձրևի մի հեղեղ ծեծում էր և լցնում կալերը, իսկ ս. Դանիել գետակը բարձրացել՝ դեպի կալերն էր գալիս…

Ցորենի դեզերը հետզհետե ցածանում էին և հացահատիկներ ու հարդ խառն՝ լողում էին կալերի մեջ կազմված լճակների երեսին…

Հուսահատություն տիրեց ամենքին, թիակներ բերին, տոպրակները լցնել աշխատեցին… Եվ գետը շոշափում էր դեզերը…

Հյուսեյն էֆենդին հանգիստ քնել էր քեհյայի սենյակում…

Երբ լուսացավ, գետը արդեն ծածկել էր կալերը։ Գյուղացիք ձեռները ծոցերին շրջապատել էին մռնչող գետակը… ոմանք իրենց մազերն էին փետում․ մյուսները չոքել աղոթում էին արտասվալից, և տղամարդիկ տխրությամբ դիտում էին գետի երեսին լողացող հացահատիկները և խոտի խուրձերը, որոնց տակից ջուրը հազիվ էր երևում…

Եվ տղայք կիսամերկ ճչում և շներն անգամ միաձայն այնպես ոռնում էին, որ սարսուռ էր ազդում…

Հյուսեյն էֆենդին այդ բոլորը տեսնելով՝ իսկույն ձի նստավ և քանի կարող էր շտապով հեռացավ գյուղից։

Իսկ երբ սայլերը և տավարները վերադարձան, գյուղացիք բեռնելու այլևս ոչինչ չունեին…

Ուտելու պաշար իսկ շատերին չէր մնացել, և եթե այդ դրությունը շարունակվեր, եղած տավարներն էլ կսատկեին ձմեռը, որովհետև գետը խոտերի դեզերից շատերն էլ տարել էր…

* * *

Մյուս տարի եթե մտնեիք Քաղքիկ, նրա հարյուր տան փոխարեն միայն 43-ը կգտնեիք ողջ… մյուսների ավերակների մեջ թափառում են ցերեկը շները, իսկ գիշերը՝ բուերը…

Իսկ իրենք՝ քաղքիկցիք, պանդխտության գավազանը ձեռք առել՝ Կ. Պոլիս էին անցել…