Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/175

Այս էջը հաստատված է
ՄՇԱԿ-ԱՂԱ
(Հիշողություններ Թուրքահայաստանից)

Քյոփրի-քյոյի մեջ քարավանը կանգ առավ. մալականները արձակեցին ֆուրգոնի ձիերը[1], ես, ճանապարհին մոտ գտնվող այդ սրճատան առջևում, բաց օդի մեջ կարպետս պարզեցի և խնդրեցի, որ ինձ թեյ տան։

Քյոփրի-քյոյը գտնվում է Հասան-Ղալայից մի քանի ժամ հեռու, մի սիրուն ձորակի մեջ. իսկ Հասան-Ղալան, ինչպես գիտեք, Թուրքահայաստանի Բասեն գավառումն է, Էրզրումից վեց ժամ հեռավորությամբ։

Թեյից հետո բարձին կռթնեցի և ծոցիցս հանեցի առաջին հանդիպած թուղթը՝ նրանով փոքր-ինչ ժամանակ անցկացնելու համար։

Այդ թուղթը «Մշակ» լրագրի մի հին համարն էր. բացի և նորեն կարդում էի քսան անգամ կարդացածներս։

Նկատելով իմ մորուքը, կանոնավոր հագուստս, սրճատան կողքին գտնվող դարբնոցում նստած վեց գյուղացիք հետզհետե մոտեցան, կարպետից դուրս կանգնած մի քանի րոպե լռությամբ դիտեցին ինձ, և վերջապես նրանցից մեկը վախկոտությամբ հարցրեց։

— Հրամանքդ, էրզրումցի՞ ես, տիրացու։ Վեր նայեցի, խոսողը մի բավական կոկիկ հագնված միջահասակ անձ էր, թավ կլոր մորուքով և բասենցու հագուստով։

— Այո,— ավելի լավ համարեցի ես այդպես պատասխանել։

- Ռուսե՞թ կերթաս կը։

- Այո՛…

Եվ շարունակեցի կարդալ։ Գյուղացին չարուխը հանեց կարպետից դուրս, ներս եկավ և ծնկան վրա չոքեց մի քայլ ինձանից հեռու, նրա օրինակին հետևեցին և մյուսները, այլևս ավելորդ համարելով կարդալս, նստեցի և կամենալով գյուղացիների հետ փոքր-ինչ խոսել, թերթն սկսեցի ծալել:

- Ատիկ րուգնամե՞[2] է, տիրացու,— հարցրեց գյուղացին հետաքրքրությամբ:

— Այո… իսկ դու կարդալ գիտե՞ս։

— Հայ-հո՛յ— գոչեց մի ուրիշը,— մեր տիրացուն է, Աստվածաշունչը ջրի պես կարդա կը…

- Հայերեն է, կուզե՞ս կարդալ,— հարցրի տիրացվին։

  1. Երբեմն Կարսից մալականները ֆուրգոնը բերում են Էրզրում. ճանապարհ կա:
  2. Լրագիր. տաճկերեն բառ է: