— Ի՞նչ կըսես, տո,— մեջ մտավ մի ուրիշը,— ասիկ սրբազան է. աշե, ինչ մորուք ունի, ինչ աչքեր…
— Կըսես խոսի կը,— ասաց չորրորդը։
Էս պատկերը երկար ժամանակ ձեռքե-ձեոք պտտեց, հետո ինձանից խնդրեցին թույլ տալ, որ տանեն գյուղը։
— Մեկ սհաթից ետ դարձնենք կը,– աղաչեց գյուղացին։
— Լավ,— ասացի,— տարեք, բայց չփչացնեք։
— Խարա՞բ ընենք,— գոռաց նա,— որո՞ւ, Մշակ աղայի պատկերը… տո, հեռու կացեք… Մկլո, ձեռքդ ետ քաշե… ոչ ոք ձեռք չտա, ես սանկ բռնեմ կը, բոլորդ աղաչեցեք…
Պատկերը մի ժամից հազիվ վերադարձրին և պիտի ասեմ, շատ մաքուր, մինչև իսկ փաթաթել էին սաղմոսի մի թերթի մեջ։
Երբ ձիերին կերակուր տվին, և փչում էր երեկոյան զով քամին, լծեցին, և մենք ճանապարհ ընկանք, ես ֆուրգոնից բավական հեռավորությամբ ոտքով գնում էի և չորս կողմից պարարտ արտերը դիտում:
Բավական տեղ քայլել էի, երբ ետևիցս մի ձայն լսվեց, որ հեռվից կանչում էր.
— Տիրացո՜ւ, հե՜յ, տիրացո՜ւ…
Կանգ առի, գյուղից դեպի ինձ էր վազում մի երիտասարդ և թևովը սրբում էր ճակատից հոսող քրտինքը։ Երբ մոտեցավ, փոքր-ինչ կանգ առավ, շունչ քաշեց և ապա՝
— Ներե, տիրացու՛,— ասաց աղաչավոր ձայնով,— գյուղի մեջ ըսին, որ դուն Մշակ-աղային քովը կերթաս կը… ղուրբան քեզի, Մշակ–աղային ըսե, որ մենք շատ խեղճ ենք, մեզի շատ նեղություն կուտան, մեր հոգին հանեն կը… ղուրբան քեզի, ըսե, որ սաղ ունեցածնիս կուտանք, չենք խալըսի[1], ըսե որ, մեր հավատը կը քֆրեն[2]… մեզի… ախ ի՞նչ ըսեմ, տիրացու, ըսե-ինչ որ կտեսնաս…
Ես շվարել էի։
— Ըսին ինձ, որ դուն Մշակ-աղային տեսեր ես,— ավելացրեց նա հուզմամբ,— ի՞նչ կըսե Մշակ-աղան, ե՞րբ պիտի խալսինք աս նեղություններեն, ե՞րբ հալալ հաց ուտենք…
Ճշմարիտ… մինչև այժմ փնտրում եմ, թե արդյոք ի՞նչ պետք է պատասխանեմ նրան…
1890 թ․