Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/181

Այս էջը հաստատված է

շփոթ ձայներ էին միայն ականջիս հասնում։ Վճռեցի քիչ էլ համբերել, ապա բարկանալ և ձայն տալ։

Այդ միջոցին էր, որ կառքի ձախ կողմից մոտ եկավ ալեխառն մազերով մի գյուղացի, պատկառուն ձևերով բարևեց ինձ ու հարցրեց.

— Կառքի մեջ տեղ չի՞ լինիլ ինձ համար ևս։

Զննեցի մարդուն։ Կնճռոտ և արևակեզ դեմքով անձ էր, համեմատաբար լավ և մաքուր հագված։ Կարճահասակ էր, մաշված, թախծոտ և զգուշավոր հայացքի տեր։

— Որտե՞ղ ես գնալու,— հարցրի։

Առաջնոց կոչված գյուղիցն էր։ Այնտեղ էր գնում։

— Միայն մի տեղ կա, բայց պետք է նախ կառապանի հետ խոսիլ։

Ժպտեց։ Եթե միայն այդ էր, ուրեմն կարող էր նստել։ Կառապանը ուրախ կլիներ, միայն թե փող տային նրան։ Պիտի տար։

Ետ քաշվեցի և թողի, որ ելներ։ Կողքիս չնստեց։ Ջանաց տեղ բռնել դիմացի նեղ նստարանի վրա։ Չառարկեցի։ Գիտեի, որ վերջ ի վերջո այնտեղ պիտի նստեր։ Դժվա՛ր թե «խմբապետը» զիջել կամենար իր տեղը։

Տեղավորվելուց հետո հանեց ծխատուփը, գլուխը խոնարհ՝ մի գլանակ շինեց և, երբ վառում էր, հարցրեց մեղմությամբ.

— Ընկերներդ գյուղացինե՞ր են։

— Միայն մեկը։

Իսկ ե՞ս. ո՞ր գյուղի ուսուցիչն էի արդյոք։ Չէր հիշում, որ տեսած լիներ ինձ, թեև շրջակա բոլոր գյուղերին լավ ծանոթ էր։ Արդյոք նո՞ր նշանակված էի։— Վարժապետ չե՞մ ես։

Վարժապետ չէի։ Ապա ի՞նչ…

Վախեցած և հուզված ինձ նայեց։ Հետո մեկե՛ն, կարծես հասկանալով ինչ-որ խորհրդավոր մի բան, սկսեց կծկվել և ավելի պատկառոտ դիրք ստանալ։ Մի տեսակ երկյուղ համակեց նրան։ Այլևս չէր նայում ինձ։ Վարժապետ չէի. հաճույքի համար զբոսանքի ելնելու օրեր չէին, վաճառականի նմանություն չունեի, ո՛չ էլ պաշտոնյայի… Ուրեմն…

Կռահեցի։ Անշուշտ ինձ ներկայացուցիչ կամ նույնիսկ անդամ համարեց մի զորեղ մարմնի։ Դեմքս ու հագուստս բավակա՛ն նպաստավոր էին։ Երևի «կազմակերպության» լիազորն էի, «կոմիտետի անդամ» գուցեև, ով գիտե, ինչպիսի լուրջ հանձնարարության համար էի գնում իրենց կողմերը։ Կարող էի նույնիսկ ընդհանուր քննիչ լինել։ Ինչո՞ւ ոչ։

Ու չէ՛ր հանդգնում այլևս խոսակցության մեջ մտնել։ Կպել էր կառքի թիկունքին, կծկվում էր նեղլիկ տեղում, ուզում էր կարծես փոքրանալ, ջնջվե՜լ… ծնկները ծնկներիս կպչելու ժամանա՛կ անգամ դողում էր և