Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/182

Այս էջը հաստատված է

ետ քաշվում։ Վա՞տ էր դրությանը։ Չգիտեր ինչ անել ապացուցանելու համար, որ մեծապես պատկառում էր իմ մեծությունից, իմ անհայտ ամենազորությունից։ Խղճալի բան էր։ Պետք էր խոսել․ սիրտ տալ, համարձակություն ազդել։ Եվ, վերջապես, չէ՞ որ հասկացնել պետք էր, թե հա ո՛չ որևէ «կազմակերպության» շանթիչ առաքյալն էի, ո՛չ քննիչը և ո՛չ էլ ամենազոր ներկայացուցիչը։ Խոստովանում եմ, հաճույք զգացի փոքր-ինչ, որ ինձ այդպիսի «մեծություններ» էին վերագրում, և դիմացս ստրկային գալարվող ցույցեր էին տեղի ունենում։ Ափսոսո՞ւմ էի, որ գյուղացու կարծած մարդը չէի։ Դրա համար էր, որ թողի հմայքը շարունակվեր պահ մի։

— Քաղաքի՞ցն ես գալիս, թե՞ այստեղ էիր.— հարցրի քիչ հետո։

— Ո՞չ, աղա, ա՛յստեղ էի եկել․ քիչ գործեր ունեի։

— Ի՞նչ կա, չկա ձեր կողմերում։

— Ի՞նչ պիտի լինի, աղա՛, հրամանքդ մեզնից ավելի լավ գիտես եղածը։

Երկու անգամ էր, որ «աղա» էր կոչում ինձ։ Պետք էր վե՛րջ դնել դրան։ ժամանակ էր քիչ-քիչ հասկացնել, որ իր ենթադրած մարդը չեմ։

— Աղա չեմ ես,– ասացի ժպտուն։

Գյուղացին էլ ժպտեց։ Երեսիս նայեց խոնարհ, հպատակային ակնարկով ու ասավ.— Աղան ձեզնից ինչո՞վ է ավելի։ Մեր աղան դուք եք։ Աստված անպակաս պահի։ Դուք որ չլինեք…

Ապա քիչ լռեց և ավելի մեղմ, անհամարձակ՝ հարցրեց.

— Հրամանքդ Խանաբադ չե՞ս իջնելու։

— Ո՛չ,– ասացի ես,— ուղղակի Խորշիդլու եմ գնում։

— Բայց ընկերդ այժմ Խանաբադ է. երե՛կ եկավ այնտեղ։

— Ընկե՞րս,– զարմացա ես, ի՞նչ ընկեր։

— Լիազորը։

— Լիազո՞րը…

Եվ այլևս ստիպված եղա լիովին փարատել հմայքը, հայտնել, որ ես «կազմակերպության» մարդ չէի, ո՛չ նրանից ուղարկված և ո՛չ էլ «լիազոր» ընկեր ունեի այդ կողմերում։

Սկսեցի պարզել գյուղերը գնալու նպատակս։ Բանահավաք էի և ուսումնասիրող։ Օգտվում էի տոն օրերից և այդպիսի պտույտներ հաճախ անում՝ գյուղացիների կյանքը ուսումնասիրելու համար։ Մտադիր էի քիչ ավելի խորապես, ավելի լա՛վ ծանոթանալ գյուղի հետ։ Եղած ուսումնաաիրությունները ինձ չէին գոհացնում։ Պիտի ջանայի ծանոթանալ գյուղացոց ցավերի, ցանկութունների և մանավանդ նրանց հոգու ե զգացմունքների հետ։ Պիտի այդ ամենը հավաքեի ու գրեի․ գրեի ու հրապարակեի,