որպեսզի մարդիկ իմանային։ Իմանային ու խորհեին: Ըմբռնեին, թե գյուղումն էր այն դժոխքը, որ նկարագրում են մեր ծերերն ու պառավները։ Ըմբռնեին, որ գեհենն ամբողջ՝ գյուղերումն էր։ Մազե կամուրջը, կպրե կարասը, բոլորն էլ ահա այդ ծառերի տակը. տանջող սատանաներն էլ այդտեղ էին, ու նրանց ո՛չ թիվը կար, ո՞չ համարը…
Այդ ամենը ինձ ասել տվավ գյուղացին իր հարցերով, հետախուզող, պատճառները գիտենալ ցանկացող հետաքրքրությունով։
Ու երբ խոսում էի, լսում էր լարված ուշադրությամբ։ Դեմքը պարզվեց, ծառայական սիրալիրության ժպտին փոխարինեց կնճռոտ, բայց վառ հետաքրքրությունով բորբոքված արտահայտություն։ Կռացած դեպի ինձ, անձկությունով լի համարձակ ակնարկը վրաս, լափում էր կարծես բերնիցս ելած խոսքերը։
Եվ երբեմն շուրջն էր նայում։ Լսող չկա՞ր արդյոք։ Վախենում էր։ Ամենքից և ամեն բանից վախենում, վախեցնում էր նրան նո՛ւյնիսկ «հասկացող մարդու» հագուստը… Ու ի՞նքն էլ խոսեց այնուհետև։
Այո, դժոխքը գյուղերումն էր գերազանցորե՛ն։ Դժոխքը՝ իր մազե կամուրջներով, կպրե կարասներով ու տանջող դևերի բանակներով… Թող գա՛ն, ապրին, մոտի՛ց շոշափեն այն «սրտացավ մտածողները»․ թող գյուղացու հետ կյանք վարեն, որպեսզի տեսնեն, զգան ու չմոռանան…
Կեղտ, տգիտություն, ծայրահեղ թշվառություն, այլև արատների անվերջ, ահավոր շարքեր, ապա կեղեքումներ և անպատմելի վշտեր — ահա գյուղերին վիճակված ու անընդհատ հաջորդող բարիքները ի վերուստ, աջից ու ձախից, ամեն կողմից, նո՛ւյնիսկ բնությունից…
Շունչ առնել չեն տալիս, ո՛չ։ Դադար է՛լ չկա։ Վաղ արշալույսից մինչև ուշ զիջեր տանջանքի ու վշտի սև ամպերն են ծանրանում գյուղի երկնքի վրա։ Գարնան սկզբից մինչև ձմեռվա վերջը աճեցուն կեղեքումներն են գյուղի, գյուղացու հասույթները, ժառանգաբար, սերունդներ մաշող և բթացնող հասույթներ…
Ու ամբողջ բանակներ են կազմված՝ գյուղի հյութը ծծելու համար։ Աշխարհն ամբողջ, կարծես խոսքը մեկ արած, գյուղերի վրա է նետվել։ Անգղներ են, լեշ են համարում գյուղացուն, գիշատում են, բզկտում։ Ագռավներ էլ կան. սև ագռավներ, իրե՛նց բաժինն են կտցահարում։ Բայց, նախ, աչքերն են ուտում, որ գյուղացին չտեսնի։ Ու չի տեսնում գյուղացին։ Նայում է, բայց չի՞ տեսնում…
Գրի՛ր, ահա այդ ամենը գրիր։ Բայց թանաքով մի՛ գրիր, այլ գյուղացու կարմիր արյունով.— տանջվող հոգու, ծվատվող սրտի բոլոր հյութովը… Արտասուք շարժելու համար չգրես։ Լա՛՞ց… ինչո՛՞ւ… անմտություն