Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/185

Այս էջը հաստատված է

ըստ երևույթին, մշեցին ու մեր նոր ընկերը իրար հետ շփումներ էին ունեցել։ Գուցեև թշնամիներ էին։ Բայց գյուղացին աննշան մարդ չէր երևում։ Անշուշտ, որոշ դիրք ուներ շրջանում, և «խմբապետը» իր ատելությունը դեպի նա կոպիտ ձևերով ուղղակի արտահայտել չէր հանդգնում։ Հասարակ գյուղացի խո չէր, որ գոռար վրան անպատիժ, հայհոյեր, սպառնար կամ նույնիսկ ծեծեր։

Զսպում էր իրեն առայժմ և օրինականության սահմանից չէր դուրս գալիս։

Այդ բոլորը եզրակացրի ես՝ զննելով թե՛ նրանց դիրքն ու միմյանց նետած հայացքները և թե՛, մանավանդ, Բարեղամի չափազանց պերճախոս դիմագծերը։

Այդ մարդը կարծես կրկեսի անհամբեր հանդիսական լիներ, որ բուռն շարժումներով բողոք էր արտահայտում, թե ինչո՞ւ էին ուշացնում ըմբշամարտությունը, ինչո՞ւ իրար վրա չէին նետվում կռվողները, գոնե կծու խոսքերով չէին նետահարում հեռվից, մինչև որ մոտենային ու միմյանց բռնահարեին…

Եվ երբ գյուղից դուրս ելած՝ կառքը սկսեց փափուկ հողի վրա թավալել, երբ մշեցին դարձավ դեպի Գևորգը, պետք էր տեսնել Բարեղամի գոհունակության լայն ժպիտը…

Ձեռքերը շփելով, տեղավորվեց նա իր անկյունում և պատրաստվեց լսելու։ Վարագույրը բացվել էր. վերջապես…

— Լա՛վ որ պատահեցինք, Գևորգ,— խոսեց «խմբապետը»,— ուզում էի վաղը հենց քեզ տեսնելու գալ։

Գևորգը նրան նայեց սառը դեմքով, քիչ լռեց, հետո ասաց.

— Համեցեք գնանք։

— Չէ՛, այսօր չեմ կարող… Գուցե մի քանի օրից։

Ապա փոքր-ինչ լուռ մնաց, կուլ տվավ թուքը, որ հուզմունքից կոկորդն էր լցվել, և ասաց թեևակի դողացող ձայնով.

— Գամ, որ վերջացնենք էն գործը։

— Ո՞ր գործը…

Նայեցի Բարեղամին։ Ժպիտն ավելի էր լայնանում։ Գոհ էր։ Անշուշտ, հենց այդպես էր սկսվելու։

Ու կռացած դեպի նրանց՝ սպասեց։ Այդ րոպեին շատ նման էր նա այն մոլի մարդուն, որ երկու աքաղաղներ միմյանց դեմ հանել՝ անհամբեր սպասում է կռվին։

Ոչինչ չէի հասկանում։ Սպասում էի ես էլ։

Սակայն լարվող տրամադրությունը սառում էր։ Բարեղամը երևի