Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/186

Այս էջը հաստատված է

զգաց այդ։ Պետք էր գրգռել, Վարագույրը, իրավ է, բացվել էր, բայց ներկայացումը կարծես պիտի հետաձգվեր։

— Գիտե՞ս բանը ինչումն է, պարո՛ն,— դարձավ նա ինձ՝ ժպիտը դեմքին,— ահա 3-4 ամիս է, որ էս երկուսը կռիվ են տայիս մի կտոր հողի վրա։ Շատ-շատ որ լինի՝ մի արշին լայնությամբ տեղ հազիվ լինի

— Մի արշին հողի համա՜ր…— զարմացա ես։

— Բանը նրանումն է,— շարունակեց ծիծաղել Բարեղամը,— որ կռվապատճառ այդ հողը ո՛չ սրանն է, ո՛չ էլ նրանը։

Գևորգը, որ չէր նայում խոսողին, բայց, անշուշտ, ուշադրությամբ ականջ էր դնում, դարձավ ինձ և ասաց զսպված ձայնով.

— Այո՛, ո՛չ իմն է և ո՛չ էլ դրանը։ Հասարակությանն է…

— Հա՛— շարունակեց Բարեղամը մի՛շտ գրգռիչ շեշտով ու ժպիտով,— էս մարդը, մեր «խմբապետը», պսակվել է Ավազնոցումը մի որբևայրի կնոջ վրա, հետն էլ մի տղա։ Հիմի, ինչպես ամե՛նքն են անում, սա՛ էլ ուզեցել է իրա հողը շատացնի, հասարակության հողիցը մի քիչ «և այլն անի»… բայց արի տես, որ Գևորգը արդեն մի առու է քաշած լինում, էդ հողի լավ մասը ինքն է «և այլն» արած լինում վաղուց…

— Այո՛,— հաստատեց Գևորգը անվրդով,— տասը տարի կլինի, ծառեր էլ ունեմ վրան տնկած։

«Խմբապետը», գլուխը կռացրել էր՝ կռվի մեջ նետվելու պատրաստվող այծի պես, նայում էր Բարեղամին և սպասում։ Սոսկալի էին նրա աչքերը, որոնց նա տակեվանց ոլորում էր մե՛կ Բարեղամի, մե՛կ Գևորգի վրա ու բեղերի ծայրերն էր պտտեցնում բթամատով և միջամատով մեկ աջ ծայրը, մեկ՝ ձախը։

Բարեղամը նկատում էր այդ, բայց դեո բավական տաքացրած չէր համարում։ Եվ շարունակեց.

- Հա՛…— ասաց նա,— է՛ն էի ասում… է՛սպես, մեր «խմբապետը» թոկը դնում է և ուզում հողի այդ կողմից— Գևորգի բռնած կողմից ուղիղ գծով մի քիչ տեղ «զավթել»։ Դրա համար հարկավոր էր անցնել Գևորգի կտրած առուն ու բավական երկարությունով հեռուն՝ պատը դնել: Շատ չեմ ասում— մի 5-6 լարաչափ լավ հող, ղոչաղ Արամս ուզում է Գևորգիցը թռցնի…

— Հողը Գեորգի՞նն է…— զսպված բարկությամբ ասաց Արամը։

— Իմը չի,— խոսեց Գևորգը,– ճշմարիտ է։ Բայց առաջ ե՛ս եմ գողացել–վերցրել։ Ուրիշ շատերն են ինձ պես արել։ Ինչպես ես չեմ խլել այդ շատերից, այնպես էլ թույլ չեմ տալ, որ խլեն ինձնից։

— Ինչպե՜ս…– պոռթկաց «խմբապետը»,- դու չե՞ս թողնիլ…

Կտեսնենք, կտեսնենք…