Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/187

Այս էջը հաստատված է

— Հողը ո՛չ իմն է, ո՛չ էլ քոնը,— շարունակեց Գևորգը,— հասարակությանն է, Սհակենց Գաբրիելին ու Մկրտչանց Ասլանին մի նայիլ դու. նրանցն էլ պրծավ, ի՜մն էլ… Ինչ որ խլել ենք հասարակությունից, պիտի ետ տանք… Քեզ ես չե՜մ տալ, պատդ քաշել չե՛մ թողնիլ, բայց եթե հասարակությունն ուզի, ետ կտամ ամբողջը ու վրան տնկածս ծառերն էլ կնվիրեմ ուսումնարանին…

— Փի՜ե…- արեց զարմացած Բարեղամը,— էնքան ծա՜ռը…

Մոռացել էր գրգռելու միտումը։ Գյուղական կծծիությունն էր զարթնել մեջը:

— Գիտե՞ս,— դարձավ նա ինձ,— մոտ 300 բարդի ծառ է, ամեն մեկը մի հաստ գերան, ամենապակասը 10 մանեթ կաժենա հատը…

Ու հիացումով համակված՝ ասաց Գևորգին.

— Ես իմ աստվածը, Գևորգ, թե ճիշտ այդպես ես վճռել՝ իշխան մարդ ես… Չէ՛, Արամ, էլ պրծար, պրծար։ Էլ ավելորդ է խոսելդ, ձեռք քաշիր հողիցն էլ, ու, թե խելք ունիս, էսպես իշխան մարդու հետ մի թշնամանալ…

Բայց «խմբապետը», հակառակ Բարեղամի առաջարկության, նրա վերջին հորդորիցը շատ ավելի գրգռվեց։ Գույն առավ-տվավ, կարմրեց, կատաղությունից փնչացրեց, ջանաց զսպել իրեն պահ մի, բայց հանկարծ գոռաց կատաղությամբ.

— Ե՛ս… ես մա՛րդ չեմ լինիլ, եթե հենց վաղվանից… վաղվանից պատ քաշել չտամ ու արգելողի էլ քիթն ու պռունկը չարնոտեմ…

Գևորգը, որ սկզբում քիչ ետ էր քաշվել, «խմբապետի» ձայնիցը վախեցած, ժպիտը դեմքին ուղղվեց նորից իր տեղում և ասաց·

– Վա՞ղն ես ուզում… համեցե՛ք, ինչ կլինի որ… լավ էլ կանես… Հենց վաղը կենտրոնի լիազորը Խանաբադից մեր գյուղն է գալու՝ կտեսնի արածդ…

Կարծես մի դույլ սառը, շատ սառը ջուր էր այն, որ հանկարծ շուռ տվին «խմբապետի» գլխին։

Հանկարծ կանգ առավ, իր բուռն թափի մեջ սառեց և արձանացավ: Հետո սաստիկ գունատվեց, շրթունքները անձայն դողացին պահ մի, ապա ողորմելիորեն կմկմաց.

— Ի՞նչ… ինչպե՜ս… ի՞նչ լիազոր, ո՞վ…

— Ինքը հենց կենտրոնի անդամը…— շարունակեց Գևորգը, - հրեն Խանաբադում քննություն են անում ձեր գործի մասին… էգուց էլ Ավազնոց են գալու… Դու էլ համեցի ու էն պատը քաշի հասարակության հողի վրա, իմ քիթն ու պռունկն էլ արնոտի…