Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/193

Այս էջը հաստատված է

2

Երևի, սակայն, վիճակված չէր այդ վայելքը Սևանա անապատի կենսալից վարդապետին։ Հազիվ փոքր-ինչ գոցել էր աչքերը, որ ստիպված եղավ վեր թռնել ու նստել։ Ճիշտ ուռենիի տակ էին ժողովվել 5—6 գյուղացիներ և նրանցից մեկն էլ ձեռքի մտրակի կոթովը բոթում էր վարդապետի կողմն ու գոչում. «Հայր—սուրբ, վեր կաց»։ Վեր կացավ, հիրավի, և տրորեց աչքերը. ի՞նչ էին ուզում, նավակնե՞րն էին արդյոք ընկղմել, թե՞ կղզիի մեջ մի աղետ էր պատահել։ Անծանոթը գլխարկը հանեց, կռացավ, հայր—սուրբի ձեռքը համբուրեց և ասաց. «Ծառա եմ… Ախտայից եմ գալիս ձիով. տեր—հայրը ուղարկեց… Վեհափառը այս երեկո Ախտա կհասնի, վաղն էլ այստեղ»։

Սահակ Վ. գունատվեց և մի վայրկյան կարծեց, թե գետինը շարժվում էր։ «Ի՞նչ ես ասում, այ տղա, ի՞նչ Վեհափառ»։ «Վեհափառը քանի՞ հատ է որ,— ժպտեց գյուղացին.— մեր հոգևոր տերը 2 օր է՝ Էջմիածնից ղուրս է եկել. Սևան ուխտի է գալիս»։

Գյուղի մեջ արդեն տարածվել էր կաթողիկոսի գալը, և հետզհետե վարդապետի մոտ էին հասնում քահանան, հետո գյուղի իշխանները: Գար ի՞նչ տեսներ ծերունին. կղզիին ավերակներն ու «խուց» կոչվող որջե՞րը, թե՞ անմաքուր մնացած և ժանգի մեջ կանաչած ջահերն ու աշտանակները, մոմերից այրված և ծուխից փչացած պատկերները, կեղտի մեջ սևացած գրքերը։ Ինչ որ լիներ, անհրաժեշտ էր իսկույն գործի ձեռնարկել։ Ամենից առաջ, պետք էր լուր հասցնել կղզին. հետո դրսի տունը, գյուղի եկեղեցին պատրաստել, հյուրասիրության համար պետք եղածները գտնել, 1—2 ձիավոր ժողովել և Վեհափառի դեմը գնալ։ Այդ բոլորը մտովին ծրագրելը մի վայրկյանի գործ եղավ վարդապետի համար։ Հետևյալ վայրկյանին նա շուրջը նայելով՝ ստուգեց, թե այնտե՞ղ էին ծառան, գյուղի կառավարիչը, քահանան և նույնիսկ մեկ-երկու նավավարներ էլ: Մի կողմից պատվերներ տալով, մյուս կողմից էլ չմոռանալով ոչ մի մանրամասնություն, սիրտը ճնշված մտածում էր, թե արդյոք ի՞նչ պիտի անեին կղզիում. պիտի կարողանայի՞ն այն ապուշները մաքրել տալ ամեն ինչ, գոնե թաքցնել աղտոտությունները, ջնջել ավերածությունների հետքերը, մի կերպով աննշմարելի դարձնել անհոգության և անխնամության հետևանքները։ Երևի, վանահայրն էլ պիտի որևէ լուր, հրաման, կարգադրություն ուղարկեր իրեն։ Եվ հրամանը եկավ. «Թող Սահակ հայր—սուրբը ժողովի մարդիկ, առնի իր հետ քահանան և Ախտա երթա՝ դիմավորելու վեհափառին։ Կղզիում ամեն ինչ պատրաստ կլինի, միայն թե թող գյուղից մի ձեռք մաքուր և լավ անկողին ուղարկեն կղզի, հետո մի ոչխար՝