պտույտ արավ՝ տեսնելու, թե ի՞նչ էր կատարված։ Որոնում էր մտովին, թե արդյոք ոչինչ չէ՞ր մոռացված. ուռենիների տակի աղբակույտերը թափել էին ծով. իսկ վե՞րը, ս. Առաքելոցի տաճա՞րը, նրա շո՞ւրջը, ապա ճգնավոր Ղուկասի ո՞րջը։ Չէ՛, վաղը առավոտ շուտով մեկ ելնել պետք էր վերը, ճգնավորին իմացնել կաթողիկոսի գալը և պատվիրել, որ նա էլ մաքրեր իր խուցը։
3
Տասնյակ տարիներից ի վեր, բլուրի գագաթին, Առաքելոց ավերակ եկեղեցիին կից՝ քայքայված խուցերից մեկի մեջ— ուղղակի գետնափոր մի որջ— ապրում էր դեռ Սևանի հնամյա մի միաբան։ Վարդապետ չէր, պարզ ճգնող, որ ոչ մի կերպ չէր համաձայնում վար իջնել։ Պարթևահասակ, նիհար մի ծերունի էր՝ երկար, ալեխառն մորուքով, գլխի մազերը խռիվ դիզացած, հագուստը կրոնավորական պարզ պարեգոտ, որ արդեն բոլորովին գույնը նետել էր, ոտքերն էլ բոբիկ։ Ղուկաս ճգնավորն էր այն. միշտ նույնն էր և իր որջին մեջ։ Ի՞նչ էր անում, երբ մինակ էր, ոչ ոք չգիտեր։ Հաճախ որջում չէր լինում, այլ կղզիի ժայռերի մեջ։ Բայց բոլոր ժամերգություններին գալիս էր, ցերեկ կամ գիշեր, գիտեր ժամանակները, և տաճարի դուռը բացվելուն պես ներս էր մտնում, կանգնում էր մի սյունի տակ, չոքած աղոթում էր, ապա լուռ համբուրում էր սեղանը, խորունկ խոնարհություններ անում նախ վանահոր, հետո յուրաքանչյուր միաբանի և գնում։ Ճաշը նրան տանում էին վեր. այդ՝ նրա միակ առանձնաշնորհությունն էր, որ երբեք չէր խախտվում։ Չէր խոսում և կամ շատ քիչ էր խոսում, կցկտուր բառերով, երբեմն անկապ։
Ահա այդ մարդուն էր, որ հիշեց վանահայրը։ Հիշելով ճգնավորին, պատկերացրեց նրա որջի ներսը։ Մաքո՞ւր էր արդյոք։ Տախտակյա մի թախտ, վրան հնամաշ կարպետ, կողքին՝ սեղանի նման ցածկեկ մի բան, վրան միշտ բաց մնացած մի գիրք, կարծես թե աստվածաշունչ պիտի լիներ. հետո հողե ջրածիկ, հողե գավաթ, ուրիշ ոչինչ։ Մաքուր էր։ Գիրքն էր մի քիչ աղտոտ, դեղնած ու սևացած։ Մտածելով այսպես, վանահոր աչքն ընկավ խուցի պատուհանին, որի մեջ երևում էին սև կազմով խոշոր 2—3 գրքեր. նույնպես աղտոտ էին և սև։ Շատ էր տեսել այդպես գրքեր, ճգնավորի մոտինն էլ այդպես էր։ Մի՞թե Սահակ հայր—սուրբը կարդում էր։ Ո՛չ: Ո՞վ գիտե երբվանից մնացել էր ու մնում էր այդտեղ, չէ՞ որ վանքի մեջ գրքեր կային։
Հանկարծ մի կայծակ կարծես փայլատակեց մտքի մեջ և ցնցեց վարդապետին: Գրքե՞ր, վանքի գրքե՞րը… իրավ, ո՞ւր էին։ Հիշեց… Ինչպիսի՜