միամիտ մոռացություն… Քիչ էր մնում, որ վաղը կարգալույծ լինելու սպառնալիքի տակ գտնվեր. ճանաչում էր Սիմեոն կաթողիկոսին, գիտեր, թե ինչեր ընդունակ էր անել՝ ինչ֊որ հին, անպետք գրքերի համար: Օրհնվիս դու, Սահակ վարդապետ, որ խորշի մեջ պահել ես այդ գրքերը։
Չէր անցել տասը վայրկյան, որ տաճարի դռան առաջ ժողովվեցին լուսարարը, գիշերապահը, Խորեն աբեղան և վանահայրը: Ծաոան դողդոջուն ձեռքի ջահովը լուսավորում էր փոքրիկ մի տարածություն: Ծանր դուռը ճռնչաց լռության մեջ, և լուսարարի ետևից ներս մտան։ «Փակեք դռները և աղմուկ մի հանեք»,— հրամայեց վանահայրը և ուղղվեց դեպի խորանը: Քիչ հետո ամենքը կանգ էին առել փոշոտ և այլանդակ խառնուրդով դիզացած մի կույտի առաջ։
Վանքի հին ձեոագիրներն էին, ո՜վ գիտե, ո՜ր տարվանից լցրած այդ անկյունը՝ կազմած, առանց կազմի, կտրտված ու քրքրված, մոմոտ և յուղոտ, աղտոտ՝ սևացած կողերով, դեղնած էջերը բաց, պոկոտած, ծալծլած ու ճմրտկած։ Կոտորածի դաշտ լիներ կարծես։ Գրքե՜ր… ո՞վ էր բանի տեղ դնողը Սևանի մեջ, ո՞վ էր հետաքրքրվողը: Ուտելու բա՞ն էր, արծա՞թ էր, թե՞ ոսկի, ոչ մեկը: Հին գրքեր էին, անպետք ու անօգուտ ընկած, կարդացո՞ղը ով էր։ Ժամերգության համար կային նոր գրքեր էլ այդ աղտոտ բաներին ի՞նչ պետք կար։ Միաբաններից էլ եթե կարդացող գտնվեր, ունենում էր իր աստվածաշունչը, ավետարանը կամ Նարեկը… Ու լցրել էին, վաղուց լցրել էին այդ ամենը խորանի մի անկյունը, հին աշտանակների, պատռտված շապիկների, նույնիսկ պատից թափված ծեփի կտորների հետ խառնիխուռն։ Խորանի աղբանոցն էր, այնտեղ էին կիտվում մոմի կտորները։ Ծույլ լուսարարն էր՝ խորանը ավլելով՝ հողն ու փոշին հաճախ այդ մութ կողմն էր ժողովում։ Պատահում էր, որ երիտասարդ և նորեկ միաբաններից մեկը հետաքրքրվում էր, թե ինչ կար դիզացած հոն. զգուշությամբ առնում էր աոաջին գիրքը, բաց էր անում և ճգնում էր կարդալ։ Հայերեն տառերի էին նման, բայց շատ այլանդակ, խոշոր, բառերը իրար կպած և գիրերն էլ քառակուսի, կարծես իրար մոտ շարված աղյուսներ լինեին… չէին կարդացվում… Եվ նետում էր վար, ոտքով մութ կողմը մղում և անցնում։ Իբր թե կաշիի վրա գրած գրքեր լինեին. ավանդություն, անշուշտ առասպել, այդպես էին համոզված։ Փորձել էին մինչև անգամ, պատռել էին կտորներ ու տրորել, գրքի ծայրերը վառել էին՝ որ հասկանան, ապա նետել բոլորը խառնուրդի մեջ և անցել…
Ահա այդ կույտի առաջ էր, որ կանգ էր առել վանահայրը և մտահոգաթյան մեջ էր, թե ի՞նչ պետք էր անել։ Էջմիածնումն էլ կար դրանցից. կաթողիկոսը ծերունական տղայամտությամբ, անշուշտ, ժողովել