Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/198

Այս էջը հաստատված է

Ծառաները տոպրակները պառկեցրին ապառաժի ծայրին, տակից բռնեցին ու մեջի եղածը շուռ տվին դեպի ծովը։ Աղոտ լույսի մեջ երևացին սևախառն թրթռուն կտորներ, որոնք պահ մի երևրացին օդի մեջ, հետո զարնվեցին ժայռերի և թավալգլոր գնալով՝ ճղփացրին ջուրը։ Լսվում էր մետաղի ձայն էլ, երևի կոտրտված պղնձյա աշտանակներ էին։ Եվ ալիքների շառաչյունն ու քամիի սուլոցը խլացրին ամեն ինչ… Ու թափորը սկսեց համրաքայլ դառնալ հուղարկավորությունից լուռ վերադարձող գերեզմանափորերի նման։

Երբ ջահի լույսը անհետացել էր ծառաստանի մեջ, ժայռերի վերևից լսվեց հանկարծ մի թեթև խշրտոց, խիճեր ու քարեր գլորվեցին դեպի շավիղը. հետո երևաց մի սև ստվեր, որ արագությամբ մոտ գնաց ապառաժին, պառկեց նրա վրա ու մինչև կես մեջքը կռացավ դեպի ջրերը։ Մի քանի լուռ րոպեներից հետո ելավ և շուրջը նայեց։ Երկար, լայն մորուքն ու խռիվ մազերը ծփացին. պարեգոտի քղանցները ճայթեցին ու մտրակեցին օդը։ ճգնավորն էր։

4

Ընդունելությունը բավական հաջող եղավ։ Ցամաքաբերդից գնացող ձիավորները մեծ շուքով գյուղ մտցրին կաթողիկոսին։ Թեթև նախաճաշը սպասում էր ուռիների տակ։ Ծերունին կերավ ախորժակով և նավ նստեց։ Կեսօրվա մոտ էր. ծովը հանդարտ էր ու գեղածիծաղ, անապակ ջրերի խորքում քարերն անգամ տեսնվում էին ու համրվում։ Եվ ինչպիսի անդորր խաղաղություն՝ շքեղ լեռների մեջ պսպղացող, ծաղկավետ բլուրների լանջին պառկած այդ կապույտ տարածության վրա։ Կղզիի և գյուղի զանգակները մերթ մեղմ ու մերթ սուր խաղեր էին նետում աջ ու ձախ և հովիտների մեջ սփռում հայոց կաթողիկոսի այցելության ավետիսը։ Երկու միաբան-նավավարները թիավարում էին մեծ աշխույժով։ Նույն շուքով ընդունեցին Հայրապետին՝ կղզիի վրա։ Երեք նավակներն էլ դատարկվեցին։ Ընկերացել էին ախտեցիք և ցամաքաբերդցիք։ Ափ հանեցին 3 ոչխար և առատ պաշար։

Մեծ հետաքրքրությամբ էր, որ կաթողիկոսը, տաճարից ելնելուց հետո, երբ նստել էր խուցում, թողեց իր աջը, որ համբուրելու գար յուրաքանչյուր միաբան։ Քանի զննում էր այդ դեմքերը, կնճռոտվում էր ճակատը։ Նույն դեմքերն էին, ինչ որ տեսնում էր ամեն տեղ, սկսած էջմիածնից մինչև հետին վանքը. կոշտ, տգիտությամբ փայլող ողորմելիներ վերարկուի մեջ։ Ոչ մի նշույլ աստվածային այն կայծի, որ խելամտությունն ու հոգու բարձրությունն է վառում որոշ հայացքների մեջ։ Խամրած,