Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/20

Այս էջը սրբագրված է

Մանուկը մի քիչ մոտից դիտեց թռչունների պես վախեցող այդ արարածներին, հետո երկու քայլ էլ առաջ գնաց և ասաց.

— Հանդարտեցե՛ք. ես վնաս չեմ տալ ոչ ոքի. չէ՞ որ ես էլ մարդ եմ, ձեր եղբայրն եմ… Այո՜, ձեր եղբայրն եմ, այդ ինձ գայլերն ասացին. մա՛րդ եմ ես էլ…

Կալվածատերը, որ ճանաչել էր իր «վայրենուն», մոտ գնաց նրան սպառնալից դեմքով և գոչեց.

— Ւնչպե՞ս համարձակվեցիր դու, անպիտան գործավոր, մտնել աղայիդ սենյակը… Դո՛ւրս կորիր… Ծառաներ, դուրս ձգեք այս անկիրթին…

— Սպասեցեք,— ասաց մեղմությամբ մանուկը,— մի երկու խոսք ունեմ, ասեմ և հետո ես ինքս կերթամ։

Բոլոր հյուրերը, որոնք այլևս չէին վախենում, որովհետև մի գործավոր էր մտնողը, մոտեցան և ականջ դրին։

— Խոսիր,— ասաց խստությամբ տանտերը։

— Ասացեք խնդրեմ,— հարցրեց մանուկը,— դուք մարդիկ եք, այնպես չէ՞։

Բոլորը ծիծաղեցին. այդպես տրված բնական հարցը կամ զարմանք և կամ ծիծաղ է առաջացնում։

— Մարդիկ եք, այդ ես տեսնում եմ,— շարունակեց մանուկը,— բայց նկատում եմ հետևապես, որ ցածում, ինձ հետ բնակվող արարածները, ինձ հետ գետնի վրա քնող, չոր հաց ծամող և անդադար տանջվող մյուս էակները մարդիկ չպիտի լինեն, այլ՝ անասուններ… Այդ այդպես է, որովհետև նրանք երբեք, ոչնչով նման չեն ձեզ։ Նրանք տխուր են, դուք զվարթ. նրանք լալիս են, դուք ծիծաղում եք. նրանք աղտոտ են, դուք մաքուր. նրանք՝ մերկ, դուք՝ շքեղ հագնված. վերջապես նրանք ուտում են չոր հաց և տանջվում են ամբողջ օրը, իսկ դուք վայելում եք այդպիսի կերակուրներ և երբեք չեք գործում… Մի՞թե մենք էլ մարդ չենք։

— Դուք էլ մարդ եք, խելառ,— գոչեց մի երիտասարդ— բայց ո՛չ մեզ նման։

— Ո՛չ ձեզ նման… Այո՛, այդ ճիշտ է։ Ես այդ տեսնում եմ։ Բայց որովհետև մարդ ենք, ուստի և հարկավոր է ձեզ նման լինել։ Ինձ ասացին, որ մենք պիտի աշխատենք՝ ձեզ ուտեցնելու համար։ Համաձայն եմ, աշխատենք, բայց միասին ուտենք. ինձ էլ տվեք իմ աշխատած. ես էլ եմ ուզում ձեզ պես խնդալ, զվարճանալ, լավ ուտել, հագնվել…

— Խենթ է,— ձայնեցին մի քանի երիտասարդներ։

— Վտանգավոր մարդ է…— դիտել տվին քիչ ավելի հասակավորները։