Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/200

Այս էջը հաստատված է

գործին երթար և երկար մնաց։ Ընթրիքը բերին. հազիվ քանի մը կտոր խորոված կերավ, օրհնեց և ոտքի ելավ: Հետո, երբ մենակ էր մնացել առավ գավազանը և քայլեց դեպի կդզու այն ծայրը, ուր ալիքները պայթում էին ժայռերի դեմ և փրփուրով ծածկում ափը:

Բայց այդ ի՞նչ էր. ո՞վ էր այն այլանդակ արարածը, որ ապառաժի տակ կծկվել էր, ի՞նչ ուներ ծնկներին և ափերին մեջ, որ զննում էր ակնապիշ։ Միաբանների՞ց էր արդյոք։ Կանգ առավ ու դիտեց. աչքերն էլ լավ չէին տեսնում. մանավանդ որ մթնշաղը վրա էր իջնում։— «Ո՞վ է այնտեղ»,— ձայնեց վերջապես։ Մարդը գլուխը բարձրացրեց, նայեց Հայրապետին և, ոտքի ելնելով, ասաց. «Ձեռքդ ինձ տուր, Սիմեոն վարդապետ, եթե ուզում ես այստեղ գալ…»

Սիմեոն վարդապետ... այդ ինչ խորունկ և հեռավոր ձայն էր, որ հնչեց ականջին։ Կենդանի արարա՞ծ էր, թե անդրաշխարհային մի ստվեր, մի հին հիշողության մարմնացումը գուցե։ Մեքենաբար պարզեր ձեռքը, ոստնեց փոքրիկ տարածությունը և նստեց նրա կողքին։ «Մոռացե ՞լ ես ինձ, վարդապետ,— ասաց մարդը,— ես Ղուկասն եմ, ճգնավոր Սևանի, զանգակահարը էջմիածնի»։ «Կաց, մի՞թե դու դեռ կենդանի ես, ո՞ւր էիր որ զքեզ չտեսա»։ «Վերը»։ «Ահ, այն քո ո՞րջն է. ինչո՞ւ վարը չես բնակվում»։ «Պետք չէ՛… գազան են… պետք չէ՛, այնտեղ լավ է, մենակ»։ «Իսկ այդ ի՞նչ է ձեռքիդ մեջ»։ «Գրքի կտոր… շատ գտա… նստել եմ և որսում… ջուրն եմ մտնում և հանում քարերի արանքից… ուզո՞ւմ ես այս կտորն էլ քեզ տամ»։ «Ինչպե՞ս թե որսում ես,— սոսկաց ծերունին.– ջրի՞ց ես որսում, բայց ի՞նչ գործ ունին ջրի մեջ որ»։ ճգնավորը ծովը ցույց տվավ։ «Ծո՞վը, ինչո՞ւ ծովը, ո՞վ ձգեց»։— Ու սարսափահար, դողդոջուն՝ ոտքի ելավ։ «Նրա՞նք ձգեցին… տվին, որ ծովը պահի… շատ էր… երկու մեծ տոպրակ… լողացին, գնացին հեռու… պիտի որսամ ամեն օր… կարդամ, լավ բան է…»։

Կաթողիկոսը խորապես վրդովված՝ սկսում էր հասկանալ այլևս. և քանի հասկանում էր, այնքան մեծանում էր կատաղի մի զայրույթ սրտի մեջ։ Ու մեքենաբար թրջված, կակղած մագաղաթի թերթերը մոտեցրեց աչքերին ու կարդաց.

«Ողորմիմ քեզ, եկեղեցի Հայաստանեայց, խրթնացեալ՛ի բարեզարթութենե բեմբին, ի քաջէն ղրկեալ հովուէ…»։

— «Խորենացի…— մռնչաց նա,— ահ, Խորենացին, մագաղաթ… անիծյալնե՛ր, անիծյալնե՛ր…»: Ապա բռնեց ճգնավորի ուսից, ցնցեց ուժգնությամբ և բացականչեց. «Ո՞վ էր այս անողը, ասա, ո՞ր ապիրատը…»։— «Ամե՜նքը, ամե՜նքը…— խոսեց ճգնավորը:– Դու մի՛ բարկանալ. ամե՛նքը… բավական որսացի ես, վերն է, տար Էջմիածին…