Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/201

Այս էջը հաստատված է

դրանց էլ տար, քշիր այստեղից… գազաններ են… Ես կզարնեմ կոչնակը, ժամը կասեմ մենակ… մենակ լավ է…»։— Ու լռեց։

Ահ, ավազակները, ավերող անպիտանները, որոնք ստեղծել չգիտենալուց զատ՝ գիտե՜ն ոչնչացնել ամեն ստեղծագործություն, որոնք ոչ իսկ պահապան շների ազնիվ հատկությունը ունեին, պահպանել ավանդ ստացած առարկաները։ Ահա ուրեմն, թե ինչ էին եղել վանքի գրքերը, հնամյա այն ձեռագիրները, որոնք ո՞վ գիտե ինչպիսի թանկագին կտորներ ունեին իրենց մեջ, ինչպիսի՜ հիշատակարաններ. ահա թե ինչպես էին ծիծաղում ազգի անցյալի և ցեղի ստեղծագործության արդյունքների վրա. օտար ավերածությունը ի՞նչ արժեք ուներ՝ դրանց տգիտության հետ համեմատելով։ Եվ մագաղաթը իր ձեռքին մեջ ճմրտկելով, մյուսովը գավազանը սեղմած ջղաձգորեն, ակնարկը մթնացող հորիզոնին, ակամայից հիշեց Խորենացու ողբի կտորները. «Վարդապետք տխմարք… Կրօնաւորք կեղծաւորք… Աշակերտք հեղգ առ ուսումն…»: Ոչ իսկ պահպանել գիտեին հայ միտքը։ Ի՞նչ անել, ի՞նչ կարելի էր անել, ո՞ր մեկին անել. ամենքը այդպես էին, ամեն տեղ նույն բանն էր։ Պատիժը չէր օգնում, ավելի էր խստացնում այդ բիրտ մարդկանց. հորդորը չէր ազդում, չէին ըմբռնում։ Օտարը ավերում էր, քանդում. հարազատը լրացնում էր պակասը։ «…Եղէ ես որպէս բու՛ի վերայ աւերակաց»։ Ո՞րտեղ էր կարդացել, ի՞նչ կտոր էր այդ։

— «Նստինք»,— մրմնջաց նա։ Եվ նստեցին իրար կողքի, ժայռի վրա։ «Դու մի՛ բարկանալ,— շշնջաց ճգնավորը։— Իզուր ինչո՞ւ ես նեղանում։ Կթափեն. չթափեն՝ ի՞նչ անեն։ Կիտված էր ավանդատունը, շատ վաղուց կիտված. որ պետք չունին՝ ինչո՞ւ պահեն…»։

Ու լռեց. կաթողիկոսն էլ չխոսեց։ Եվ քով քովի՝ մնացին իրենց մտքերի հետ, իջնող մթնության և մշուշի մեջ։ Նրանց ստվերները դեռ երկար գծվում էին ժայռերի գլխին: Ծովը փոթորկում էր միշտ. ալիքները ուժգին թափով պայթում էին ժայռերի կողին. մութը իջնում էր ու իջնում…

Բերա, 1914, օգոստոս


ՃԳՆԱՎՈՐ ԵՂՈ

Ա

- Չէ՛, այսպես չի լինիլ… Վարենք մենք, հնձե Հասան բեգը. ժողվենք մենք, չարչարվենք մենք, «կոռի-բեգիրի» դիմանանք մենք, Հասան բեգը հանգիստ՝ մեջքը բարձին տա ու մեր քրտինքը ուտե, մեր կանանց քաշե ու ելնե մեր ամեն բանը ծաղրե…