Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/203

Այս էջը հաստատված է

-Հա՞,– գոչեցին բոլորրը ուրախացած,— փա՜ռք աստուծո, մեռնեմ զորությանդ, աստվա՜ծ։

- Ոտացդ հողն եմ, Մշու Սուլթան ս. Կարապետ:

- Քզի ղուրբան, Առաքելոց վանք։

Եվ ընդհանուր գոհաբանական աղոթքները սենյակը լցրին այնպես, որ աստված, եթե խուլ էր լիներ, կլսեր այդ ջերմ աղոթքը…

Երիտասարդների վայրկենական կատաղությունը իջավ. ամեն մարդ այժմ սկսեց յուր հողի և արտի մասին մտածել։

Իսկ վճարվելիք փո՞ղը։

- Հե՞յ, մարդիկ,— բացականչեց հանկարծ մի ծերունի,— ամենքս էլ ուրախացանք՝ լսելով, որ Հասան բեգը վերջապես հաճում է այլևս մեր կովերը չխլել, մեր ցորենի դեզերը չայրել, մեր գեղեցիկներին չառևանգել, բայց այդ բոլորը անելու համար ախր նա բարեհաճում է 500 ոսկի վարձ էլ ուզել… Մեր գյուղը սաղ ծախես, դրա կեսը չի արժիլ. մեզնից որ մեկը ունի մեկ ոսկի պատրաստ փող. 500 ոսկին ո՞րտեղից պիտի գտնենք, որ Հասան բեգի ավազակությունը գնենք, տանք նրան, խնդրենք, որ բարեհաճի այլևս ավազակություններ չանել և հեռանալ գյուղից։

Ուրախության մեջ ոչ ոք չէր մտածել դրա վրա և այժմ, երբ ծերունին հիշեցրեց, ամենքի զվարթ դեմքերը իսկույն տխուրի փոխվեցին։ Պարզ էր այս անգամ, որ ավազակի ձեռքից ազատվել անկարելի էր. հինգ հարյուր ոսկի և մի չնչին, աղքատ գյուղի՜ց։ Մի քաղաք էլ չի կարող տալ Թուրքահայաստանում այդ գումարը յուր փաշային, բան է, եթե հանկարծ նա կամենա այդ փրկանքով ազատել յուր ձեռքից քաղաքը։

Երկար խոսեցին խառնիխուռն՝ նախ մեղմ, ապա գոռգոռալով, հետո կռվելով․ մի քանի խումբ մինչև անգամ բռունցքներով սկսեցին խոսել… Վերջապես երիտասարդները կամաց-կամաց սկսեցին սենյակից դուրս գնալ թողնելով այնտեղ միայն ծերունիներին։

Սրանք նախ փոքր-ինչ լռությամբ ու մորուքները շփելով՝ մտածեցին, հետո սկսեցին միմյանց հետ ցած ձայնով խոսակցել.

—Եղբայրնե՛ր,— վերջ ի վերջո ասաց մեկը,— ուրիշ ճար չկա. կամ պետք է լռել ու դիմանալ և կամ այդ գումարը ճարել, տալ։ Շունը թեև մեկ հատ է, բայց աստված մի արասցե, որ մեր ջահիլներից մեկը մտածի հանկարծ նրա վրա քար գցել, մեկ էլ տեսար իսկույն՝ մի փոքրիկ պատճառի սպասող՝ մյուս շները գյուղը կթափվեն ու քար քարի վրա չեն թողնիլ, մեր գյուղի թոզը կբարձրացնեն։

— Այդ այդպես է,— դիտեց երկրորդը,— բայց դիմանալ անկարելի է․ պիտի մի կերպով փողը մեջներս հավաքենք և տանք անօրենին ու