Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/204

Այս էջը հաստատված է

ազատվենք նրա ձեռքից, մինչև որ տեսնենք՝ մի ուրիշ ավազակ էլ երբ կգա կնստի մեր գլխին։

- Ես էլ այդպես եմ ասում,— մեջ մտավ քեհյան՝ վճռական կերպով,— հարյուր տուն ենք. ամեն մեկիս 5 ոսկի կընկնի, ճարենք ու տանք:

Հետո երկար խոսեցին. վերջապես վճռեցին 5-ական ոսկի ճարել ու ավազակին տալ։

Փոքր-ինչ իրենց դրության մասին խոսեցին, փոքր-ինչ աստծուն գանգատեցին, փոքր-ինչ ախուվախ քաշեցին, թրջեցին իրենց մորուքները, հետո ոտքի ելան, բարևի փոխարեն տխրությամբ միմյանց նայեցին, գլուխները թափահարեցին և վշտից հարբածների պես հեռացան։

Բ

Գյուղի մի հեռավոր անկյունում, մի խումբ ծառերի մոտ, կար մի անշուք խրճիթ, ուր բնակվում էր ծերունի Վրթնոն յուր ընտանիքի մի քանի անդամների հետ։

Ինքը շատ ծեր էր, ուստի և՝ եկեղեցի գնալուց ու արտում յուր Եղո որդու աշխատանքի վրա հսկելուց բացի՝ ուրիշ գործ չէր կարողանում կատարել։ Յուր կինն էլ այդպես. միմիա՛յն եկեղեցի էր գնում և տուն դառնալով՝ հսկում էր յուր հարսի տանու գործերին և կամ թե փոքրիկ թոռը գիրկը առած՝ անդադար խաղացնում էր, նրա առջև մոռանալով յուր հասակը, երեխայի պես ծիծաղում, խաղեր էր սարքում և զվարճացնում էր թոռնիկին։

Բավական հանգիստ ապրում էին. մի լուծ եզ ունեին, որով իրենց հողից կարողանում էին օրական պարենը ձեռք գցել. մի կով ունեին և ուրիշ ոչինչ. էլ ի՞նչ պետք է սակավապետ գյուղացու համար։

Վրթնոն երջանիկ էր, որովհետև գոհ էր յուր վիճակից և ուրիշի ունեցածին չէր նախանձում, բարեպաշտ էր մոլեռանդի չափ. այդպես էլ նա կրթել էր յուր որդուն. մի այդպես էլ հարս էր գտել նրա համար, և տան մեջ Նարեկի «Ի խորոց սրտի խոսք ընդ աստուծոյ» վերնագիր կրող գլուխները անդադար անգիր կերպով կրկնվում էին։ Շարականները նրանց երգերն էին, վարք սրբոցը՝ ձմեռնային երկար երեկոների զբաղմունքը. երբեք եկեղեցուց ետ չէին ընկնում ժամերգության ժամանակ. քահանան նրանց տնիցը անպակաս էր. օրհնում էր հացը, երբ սկսում էին թխել, կարասը՝ եթե մեջը մուկ էր ընկել և թասը՝ եթե կատուն ջուր էր խմել մեջիցը։

Եղոն, երբ փոքր էր, մի քիչ ծառայել էր քաղաքի մի աղայի տանը, ուր և սովորել էր կարդալ. այնտեղից յուր հետ նա գյուղն էր բերել Վարք