սրբոց, ժամագիրք, ավետարան և սաղմոս։ Եթե նրա արտը վարող լիներ, և ինքը՝ վարժված, նրան անպատճառ գյուղի վարժապետ կանեին, բայց Եղոն շատ համեստ էր, գիտեր, որ ինքը վարժապետ չէր կարող լինել: Չէր հպարտանում իսկ, որ կարդալ-գրել գիտեր։
Այնչափ բարեպաշտ էր, այն աստիճան կատաղի կերպով հալածում էր խմողներին, խաղացողներին, անբարոյականներին, այնչափ պարսավում էր կյուրակի օրը գործողներին, պաս չպահողներին, որ արժանապես նրա անունը դրել էին ճգնավոր Եղո։
Եվ իսկապես որ Եղոն ճգնավոր էր։ Նա մի կաթիլ գինի կամ օղի բերանը չէր դնիլ. զզվում էր ծխախոտից, աչքերը խոնարհեցնում էր, երբ անցնում էր օտար կնոջ առջևից, փախչում էր, երբ մի տեղ կյուրակի օրերը գյուղացիք նստած՝ նոր մոդա ընկած խաղի թղթերով «սկանբիլ»[1] էին խաղում։ Կասկածանքով էր նայում այն մարդուն, որին քիչ էր տեսնում եկեղեցում… բացարձակ ճջմարտախոս էր և արդար։
Ամենքը սիրում էին նրան. ամենքի հետ վարվել գիտեր. ամենքին խրատներ էր տալիս, որովհետև խելոք էլ էր։
Իսկ առողջությո՞ւնը.— նա հիշեցնում էր Մուշից դեպի Ռուսաստան կամ Կ. Պոլսի նոր պանդխտության գնացող երիտասարդների՝ իրենց երկար հասակներով, ջլապինդ բազուկներով, լայն թիկունքներով և դուրս ցցված առողջ կուրծքերով։
Եղոն այդպես էր։ Նրա ձեռքից վախենում էր գործը. նրա համար դժվարության չկար։ Յուր ջլապինդ բազուկներով նա եզին՝ կոտոշներիցը բռնած՝ ուղղության էր բերում և տանում լծի տակ. երր շունչ էր առնում, կարծես փռնչում էր. խրճիթը մտնելիս պետք է սաստիկ ծռվեր, որ սև մազերով ծածկված գլուխը առաստաղին չխփեր։
Գեղեցիկ էլ էր. սև, համարյա միացած, խիտ հոնքերի տակ փայլում էին նրա՝ բարությամբ լցված՝ մեծ, սև աչքերը. կոր, մեծ քիթը չէր տգեղացնում նրա լիքը ու թուխ դեմքը, որ ավելի թխանում էր խիտ մորուքից և սրածայր հաստ ընչացքից։
Եղոն օրը մինչև երեկո գործում էր առանց հոգնելու, ամբարում էր ձմեռվա համար և երեկոյան գնում էր տուն, ուր նա զվարճանում էր երեխայի հետ, կատակում էր յուր սիրուն կնոջ հետ, որին նա անհուն սիրով սիրում էր և որից նույն կերպով էլ սիրվում էր։ Զբաղեցնում էր յուր ծերունի ծնողներին, որոնք կաթոգին սիրում էին իրենց մի հատիկ թոսուն[2]